|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Ակնարկ Բժիշկների օգնությամբ Մարտինը կրկին կվերսկսի իր գործը
2017-03-27
Բժիշկների օգնությամբ Մարտինը կրկին կվերսկսի իր գործը
/Նյութը տրամադրել է Հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան ափի տեղական մարմինը, հեղինակ՝ Սեւակ Հակոբյան, լուսանկարիչ՝ Արեգ Բալայան/
2015 թվականի սեպտեմբերի 24-ին ադրբեջանական կողմը կրակ բացեց Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի վրա: Պառավաքար և Բերդավան գյուղերում 3 խաղաղ բնակիչ զոհվեց:
Այդ օրը բերդավանցի Մարտին Խոջոյանը իր այգում թուզ էր հավաքում, զգալով, որ օդի մեջ ինչ-որ բան էր իրեն մոտենում, միանգամից ցատկեց ու ծառից ընկավ գետնին: «Թզենու վրա էի, հեռվից ինչ-որ բան տեսա, ինձ թվաց, թե թռչուն է, բայց հենց մոտեցավ, տաքություն զգացի: Միանգամից հասկացա, որ ադրբեջանցիները սկսել են գնդակոծել գյուղը», պատմում է Մարտինը, ով այս տարիներին արդեն անգիր է սովորել, թե որ զենքն ինչ ձայնով ու արագությամբ է մոտենում:
Մարտին Խոջոյանը ֆիզիկայի մասնագետ է, Երևանում սովորելուց հետո վերադարձել է հայրենի գյուղ ու դասավանդել տեղի դպրոցում, ամուսանցել, ընտանիք կազմել, հետո աշխատել է գյուղապետարանում, հիմա էլ հողագործությամբ և անասնապահությամբ է զբաղվում: Ասում է, որ ընտանիք պահելու համար բավականացնում է, միակ խոչընդոտը՝ պատերազմի վտանգն է. «Մենք ոչ մի երաշխիք չունենք, թե որ պահին կկրակեն: Այդ օրն էլ, որ սկսեցին գնդակոծել շրջանը, գյուղացիները խաղաղ իրենց գործով էին զբաղված, մինչև էտ էլ ոչ մի կրակոց չկար, հանկարծակի սկսվեց»:
Մարտին պապիկը միանգամից շտապել է տուն, թոռներին հավաքել ու նկուղ իջեցրել, ասում է՝ առաջին անգամը չէր, արդեն լավ գիտեն, թե ինչպես պետք է պաշտպանվեն: Ադրբեջանցիները 6 ժամ գյուղը կրակի տակ էին պահել, և այդ ընթացքում գյուղացին չէր էլ գիտակցել, որ ծառից ընկնելու հետևանքով որովայնի շրջանում վնասվածք ունի: Հետո էր միայն ցավ զգացել, որը խանգարում էր առօրյա գործերով զբաղվել: Սակայն այդպես էլ բժշկի չէր դիմել: «Կյանքում երբեք բժշկի չեմ գնացել, անգամ դեղ չեմ խմել, չնայած կինս դեղագործ է»,- կատակով պատմում է բերդավանցի Մարտինը, ով առողջական խնդիրների պատճառով ստիպված էր վաճառել անասունների մեծ մասը:
Մի քանի ամսից պարզվել էր, որ բարձությունից ընկնելու պատճառով Մարտին Խոջոյանի մոտ որովայնի ճողվածք էր առաջացել ու այն պետք էր վիրահատել: «Անցած տարի լսել էի, որ մեր շրջան Ամերիկայից բժիշկներ էին եկել ու բոլորովին անվճար շատ լուրջ վիրահատություններ էին արել: Գիտեի, որ էս տարի էլ էին գալու, որոշեցի իրենց սպասել»,- նշում է բերդավանցի Մարտինը:
Հոկտեմբերի 20-ին Մարտին Խոջոյանին վիրահատեցին ամերիկյան «Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնի մասնագետները, ովքեր Նոյեմբերյան էին եկել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան շրջանի տեղական մարմնի մեծ ջանքերի շնորհիվ: Հիմնադրամի աջակցությամբ արդեն երկրորդ տարին ամերիկացի բարձրակարգ մասնագետները հետազոտում ու բուժում են հազարավոր մարդկանց՝ օգնելով նրանց վերադառնալ կյանքի բնականոն հուն: Նրանց շարքին ավելացավ նաև բերդավանցի Մարտին Խոջոյանը, ով հիվանդանոցից դուրս գրվելուց հետո պատրաստվում է վաճառած անասունների փոխարեն նորերին գնել ու շարունակել աշխատանքը իր հայրենի Բերդավան գյուղում:

Այլ Նորություններ

2007-10-18
Իրապես համահայկական մասնակցություն մեր հայրենիքի շենացմանը
Հարցազրույց ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի ատենապետ Արմինե Կարապետիի հետ

2007-07-09
Ինչպիսին է տեսնում ապագայում ՙՀայաստան՚ հիմնադրամը Հայաստանի գյուղական համայնքները
Ինչպիսին է տեսնում ապագայում ՙՀայաստան՚ հիմնադրամը Հայաստանի գյուղական համայնքները Հարցազրույց ՙՀայաստան՚ հիմնադրամի Նյու-Յորքի հանձնախմբի ատենապետ Րաֆֆի Ֆեստեքչյանի հետ:

2007-07-07
Մեկ ռոյալ, մեկ ուսանելի օրինակ

2007-05-21
Նոր անուններ ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի Ոսկե մատյանում
ՙՆա, որ մի քար է դնում հայրենիքի կառույցին...՚Ստամբուլահայ բարերար Տիգրան Տեր Ողորմյաճյանը իր նվիրատվությամբ միացավ ՙՀայաստան՚ հիմնադրամին:

2007-04-23
"…Որ աշակերտները սովորեն օգնել իրենց հայրենիքին"


The Stone Garden Guide: ՙՀայաստան եւ Ղարաբաղ՚
The Stone Garden Guide: ՙՀայաստան եւ Ղարաբաղ՚ Մեթյու Քարանյան, Ռոբերտ Քուրքչյան, համահեղինակներ www.StoneGardenProductions.com

մշակված է