|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Ակնարկ 84-ամյա տիկին Ռոզայի ամանորյա երազանքը
2016-12-05
84-ամյա տիկին Ռոզայի ամանորյա երազանքը
/Նյութը տրամադրել է Հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան ափի տեղական մարմինը, հեղինակ՝ Սեւակ Հակոբյան/
Ամերիկյան «Գլենդեյլ-Ադվենտիստ» բժշկական կենտրոնի նախաձեռնությամբ եւ «Հայաստան» հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան շրջանի տեղական մարմնի հովանավորությամբ Միացյալ Նահանգներից ժամանած շուրջ հինգ տասնյակ բարձրակարգ բուժմասնագետների խումբը 2016թ. հոկտեմբերի 16-21-ը Նոյեմբերյանի հիվանդանոցում անվճար սպասարկեց Տավուշի, Լոռու մարզերի ավելի քան 1700 բնակչի: http://himnadram.org/index.php?id=24749&lang=2
***

84-ամյա Ռոզա Բայրամյանը Նոյեմբերյանի հիվանդանոցի միջանցքներում հարցուփորձ է անում. «Աղջկաս չե՞ք տեսել»: Տիկին Ռոզան փնտրում է ամերիկյան «Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնի աշխատակցուհի Զարի Քոֆտեկյանին, կատակով ասում է, որ միայն 84 տարեկանում գտավ իր աղջկան:
Տիկին Ռոզան Տավուշի մարզի Կողբ գյուղից է, արդեն 40 տարի մենակ է ապրում. ամուսինը մահացել է, երեխաներ էլ չունի, և այնքան է հավանել Զարիին, որ նրան սկսել է սեփական դստեր պես սիրել: Արդեն 5 տարի միայնակ ապրող կնոջ դժվարություններին ավելացել էին նաև տեսողական խնդիրները:
«Ես գումար չունեի, որ գնայի Երևան վիրահատվելու: Ասում էին, որ երկու հարյուր հազար դրամ արժե վիրահատությունը, ես էլ միայնակ կին եմ, ոչ երեխաներ ունեմ, ոչ էլ հարազատներ»,- պատմում է տիկին Ռոզան:
84-ամյա կնոջը անվճար վիրահատեց ամերիկյան «Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնի աչքի վիրաբույժ Միրեյ Համբարյանը, ով իր կոլեգաների հետ Տավուշ էր եկել «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ: Արդեն երկրորդ տարին «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան շրջանի տեղական մարմնի մեծ ջանքերի շնորհիվ «Գլենդեյլ Ադվենտիստի» բարձրակարգ մասնագետները անվճար հետազոտում և անհրաժեշտության դեպքում վիրահատում են սահմանամերձ այս շրջանի բնակիչներին:
Միայնակ ապրող կնոջ վիրահատությունը գրեթե կատարյալ արդյունք տվեց:
«Ինձ ասացին, որ տեսողությունս իննսուն տոկոսով վերականգնվել է, առաջ համարյա ոչ մի բան չէի տեսնում, իսկ վիրակապը հանելուց հետո միանգամից զգացի, որ տեսողությունս շատ է լավացել»,- ուրախությամբ ասում է տիկին Ռոզան, ում միակ եկամուտը ծերության թոշակն է՝ ընդամենը 38 հազար դրամ: Ձմռանը ծախսերը շատանում են, և 84-ամյա կինը իր ձեռքով է վառելափայտ հավաքում, վերջին տարիներին տեսողական խնդիրների պատճառով դժվարանում էր, վիրահատությունից հետո վստահ է՝ կրկին ինքնուրույն կանի ամեն ինչ:
84-ամյա տիկին Ռոզան ամանորյա մեկ երազանք ունի. Զարիին տալիս է իր հասցեն ու խնդրում Նոր տարուն տոնական բացիկներ ուղարկել իրեն: Տեսողությունը վերականգնելուց հետո միայնակ ապրող կնոջ միակ խնդիրը մարդկային սիրո և ջերմության պակասն է:

***
«Անհաղթ Արթուրը»

Հովհաննես Թումանյանի «Անհաղթ աքլորը» 8-ամյա Արթուրի սիրելի հեքիաթն է, սկզբից մինչև վերջ անգիր պատմում է, բայց վարժ չի խոսում: Արթուր Կյուրեղյանը ծնվել է «գայլի երախ» և «նապաստակի շրթունք» կոչվող հիվանդություններով:
«Երբ ծնվեց, քիմքը ամբողջությամբ բաց էր, ինձ դուրս գրեցին, բայց տղայիս պահեցին, մոտ մեկուկես ամիս հետո նոր տուն ենք բերել,- պատմում է Արթուրի մայրը՝ Աննա Սիմոնյանը, ով արդեն կորցրել է տղայի վիրահատությունների հաշիվը. «Ութ ամսականում տղայիս առաջին անգամ վիրահատեցին, հաջորդը երկու ամիս հետո արեցին և այդպես արդեն 8 անգամ»:
Արթուրը սովորում է Եղեգնաձորի թիվ 2-րդ ներառական դպրոցում, լավագույն աշակերտներից մեկն է և ամենաշատը «Հայոց լեզու» առարկան է սիրում: Նա ցանկանում է ոստիկան դառնալ և դասընկներների հետ խաղալիս հաճախ է ոստիկանի դեր կատարում: Ոստիկանին վայել խիզախությամբ էլ ամեն անգամ գնում է վիրահատությունների՝ հույս ունենալով, որ դա վերջինը կլինի:
«Յուրաքանչյուր վիրահատությունից առաջ մենք ավելի շատ ենք հուզվում, վախենում, քան Արթուրը: Ինքը վստահ է, որ ի վերջո ամեն ինչ լավ է լինելու և սիրուն տղա է դառնալու»,- ասում է Արթուրի մայրը, ով իր երկու որդիներին միայնակ է մեծացնում. ամուսնուց բաժանվել է ութ տարի առաջ և Վայքի մարզպետարանում հավաքարար է աշխատում: Որդու 7-րդ վիրահատությունից հետո կրկին բարդություն էր առաջացել, բերանի խոռոչում անցք էր բացվել, որը խանգարում էր երեխային նորմալ սնվել:
Տեղեկանալով, որ ամերիկյան «Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնի աշխատակիցները հոկտեմբերի 16-21-ը անվճար վիրահատություններ են կատարելու, Աննան նախապես հերթագրել էր Արթուրին և հոկտեմբերի 18-ին մոտ 300 կմ անցնելուց հետո որդու հետ հասել Նոյեմբերյանի հիվանդանոց: «Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնի այս մարդասիրական առաքելությունն իրականություն դարձավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան շրջանի տեղական մարմնի մեծ ջանքերի շնորհիվ: Հենց հիմնադրամի աջակցությամբ արդեն երկրորդ տարին ամերիկացի բարձրակարգ մասնագետները հետազոտում ու բուժում են հազարավոր մարդկանց:
Աննայի խոսքերով, «Գլենդեյլ Ադվենտիստ»-ի բժիշկները մեծ հոգատարությամբ են վերաբերվում Արթուրին. «Չգիտեմ, ինչով էր պայմանավորված, բայց հենց սկզբից մեծ հույսեր կապեցի այս բժիշկների հետ: Վստահ եմ, որ այս վիրահատությունը կօգնի տղայիս»:
Մինչ ամերիկյան բժշկական կենտրոնի մասնագետները վիրահատում են Արթուրին, մայրը շարունակում է պատմել որդու մասին. «Վիրահատությունների ու հետազոտությունների պատճառով տղաս երբեմն բաց է թողնում դասերը, բայց հետո մենք անպայման լրացնում ենք: Ինքը շատ խելացի է, շախմատ է լավ խաղում ու բոլոր դասերն ինքնուրույն է անում»։
Վիրահատարանում աշխատում են բարձրակարգ բժիշկներ՝ դիմածնոտային վիրաբույժ Էդվարդ Բալասանյանը և Ջոլի Չուն։ Պարոն Բալասանյանը Հայաստան է եկել Հարավային Կալիֆորնիայից, իսկ Ջոլի Չուն՝ Նյու Յորքից։ Վերջինս ԱՄՆ-ի լավագույն վիրաբույժներից մեկն է։ Հայաստանում անվճար վիրահատություններ անցկացնելու այս առաքելությունը երկու վիրաբույժների համար էլ առաջին անգամն է։ Վիրահատարանում նրանց է միացել նաև տեղացի երիտասարդ վիրաբույժ Գուրամ Աղաբաբյանը: Տավուշի մարզի Կողբ գյուղում ապրող վիրաբույժի համար մեծ պատիվ է աշխատել ԱՄՆ-ից ժամանած մասնագետների հետ։
Բժիշկները հայտնում են՝ վիրահատությունը լավ է անցել, հաջորդ առավոտ էլ Արթուրն ինքն է ասում՝ լավ եմ: Ինքնուրույն հագնում է շորերն ու մայրիկի հետ ճանապարհ ընկնում, որպեսզի իր սիրելի հեքիաթի հերոսի նման քաջությամբ հաղթահարի բոլոր դժվարությունները: «Հայաստան» համահայկական հիմնադրամի այս նախաձեռնությունը օգնեց ևս մեկ փոքրիկի ունենալ անհոգ մանկություն:

Նկարներ

Այլ Նորություններ

2017-03-27
Բժիշկների օգնությամբ Մարտինը կրկին կվերսկսի իր գործը
/Նյութը տրամադրել է Հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան ափի տեղական մարմինը, հեղինակ՝ Սեւակ Հակոբյան, լուսանկարիչ՝ Արեգ Բալայան/

2016-11-15
Սիբիրից արեւոտ ծովափ
Աշոցքի նորակառույց դպրոցը ֆրանսահայերի նվերն է համայնքին

2016-10-20
Նորմալա…

2016-10-18
Ջրի պարգևը

2016-10-07
Մեր Կոմիտասը

2016-09-28
Գերմանիայի հայ համայնքը շարունակում է աջակցել Գյումրիի անօթևաններին
Հրաշքներ լինում են

2016-09-19
Երբ անհնարինը դառնում է հնարավոր

2016-04-03
"Հայաստան" հիմնադրամն Արցախի կողքին է

2015-12-16
Արա Վարդանյանի 11 մետրանոց գոլը

2015-11-24
«Հայաստան» հիմնադրամի նպատակը Արցախի ժողովրդագրական իրավիճակի բարելավումն է

1  |  2  |  3
մշակված է