|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցավ "Հայաստան" համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի հերթական` 19-րդ նիստը:

Նիստը սկսվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությամբ և տերունական աղոթքով: Այնուհետ, հոգաբարձուների խորհրդի կազմում միաձայն հաստատվեց նոր անդամ Բրազիլիայից` տիկին Տիրուհի Պուրմայանը` հայազգի հայտնի բարերար Վարուժան Պուրմայանի այրին: Հաշվետու ֆիլմի ցուցադրությանը հաջորդեց օրակարգով նախատեսված հարցերի քննարկում:

2009-ին կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցով հանդես եկավ կառույցի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, մասնավորապես կարևորելով հիմնադրամի աշխարհագրության ընդլայնումը, այդ թվում Սիրիայում և Հունաստանում նոր տեղական մարմինների հիմնումը, ինչպես նաև Կիպրոսի տեղական մարմնի վերաբացումը: Զեկույցում անդրադարձ եղավ նաև նոր դրամահավաք մեխանիզմներին, որոնց շնորհիվ 2009-ին արձանագրվեց նվիրատուների թվի կտրուկ աճ:

Մասնակիցներին ներկայացվեցին նախորդ տարվա գործունեությունն ամբողջացնող ֆինանսական հաշվետվությունը, աուդիտի եզրակացությունը: Վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունն ներկայացրեց Վահէ Ճազմատարեանը, ով նշանակալի առաջընթաց արձանագրեց Հիմնադրամի իրագործած շինարարական աշխատանքների որակի բարձրացման և ֆինանսական ռեսուրսների առավել նպատակային օգտագործման առնչությամբ:

Ընդունված կարգի համաձայն` խորհուրդը նաև քննարկեց և հաստատեց 2010-ի ռազմավարական ծրագիրը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն առաջարկեց 2010 թվականի դրամահավաքից Արցախին հատկացվելիք գումարներն ուղղել ջրամատակարարման համակարգի կառուցմանն ու նորոգմանը: Խորհուրդը միաձայն հավանություն տվեց այս առաջարկին, ինչպես նաև որոշեց շարունակել գյուղերի զարգացման ծրագիրը Հայաստանում: Քննարկվեցին նոյեմբերի 25-ին կայանալիք Հեռուստամարաթոն 2010-ի վերաբերյալ մի շարք ներկազմակերպական հարցեր:

ՙՋրամատակարարման խնդիրն Արցախի համար թերևս Ճանապարհաշինության խնդրից պակաս կարևոր չէ: Եթե համայն հայության համախմբման շնորհիվ` Գորիս-Ստեփանակերտ և Հյուսիս-Հարավ լայնածավալ ծրագրերով գլխավորապես լուծվեց ճանապարհի խնդիրը, այսօր Արցախը նմանատիպ համախմբման կարիք է զգում նաև ջրամատակարարման խնդրի շուրջ: Արցախում ջրի խնդրի համալիր լուծումը կլինի Շուշիում ներկայումս ընթացող ջրամատակարարման ներքին ցանցի հիմնանորոգման ծրագրի տրամաբանական շարունակությունը՚,- մեկնաբանեց Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

Նշվեց, որ Արցախի 323 գյուղերից մոտ 200-ում խմելու ջրի մատակարարման խնդիրներ կան և միայն Ստեփանակերտում ջրամատակարարման հարցը հիմնովին լուծելու համար կպահանջվի առնվազն 6,5 միլիարդ դրամ:

Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ, հոգաբարձուների խորհրդի անդամ Պետրոս Թերզյանն առաջարկեց Հիմնադրամի անցած ուղին խորքային վերլուծության ենթարկել և ըստ այդմ պլանավորել հետագա անելիքները: Նախագահի որոշմամբ, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը վերլուծական զեկույց կներկայացնի հոգաբարձուների խորհրդի հաջորդ` հոբելյանական նիստին, որը կկայանա 2011-ի մայիսին:

Խորհրդանշական է, որ 1992 թվականի ճիշտ այս օրը` մայիսի 14-ին, կայացավ ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի անդրանիկ նիստը: Հոգաբարձուների Խորհրդի ներկայացուցչական կազմն ինքնին խոսուն վկայությունն է այն փաստի, որ Հիմնադրամը հանդիսանում է աշխարհասփյուռ հայությանը` առանց քաղաքական և կրոնական խտրության համախմբող եզակի կառույց: Խորհուրդը միաբանում է ազգի պետական այրերին, հոգևոր առաջնորդներին, ավանդական կուսակցություններին, մտավորականներին, հայտնի բարերարների ու մարդասիրական կառույցների ներկայացուցիչներին: Հիմնադիրները միակամ էին, որ հայոց ազգային պետականության պահպանման և զորացման ճանապարհին առաջացած դժվարությունները հաղթահարելու ամենահուսալի ուղին ազգի բոլոր ուժերի համախումբ ու միասնական գործադրումն է: Այսօր էլ շուրջ երկու տասնամյակ անց, Հիմնադրամը շարունակում է կամրջել աշխարհասփյուռ հայության բոլոր հատվածները` հնարավորություն տալով ամեն հայի մասնակցել հայրենիքի շենացման գործին:
մշակված է