
Որոնում
|
|
![]() |
2010-03-19
Երեք քույր Գյումրիից Թոշակային տարիքի Տեր-Ավետիսյան քույրերը վերջին երկու տարում յոթ հարյուր հազար դրամի նվիրատվություն են կատարել "Հայաստան" համահայկական հիմնադրամին: Գործադիր վարչության մի քանի աշխատակիցներով վերջերս այցելեցինք Ասպրամ, Անահիտ եւ Գոհար քույրերին: Երախտագիտության զգացումը, որ ունեինք մինչեւ քույրերի հետ հանդիպումը, զրույցի ընթացքում աստիճանաբար վերափոխվեց առավել պարզորոշ զգացողության` խորին ակնածանքի, այդ պատկառելի տարիքի` ութսուն, ութսունհինգ, ութսունութ, կանանց նկատմամբ: Կոկիկ, բարեկարգ երկսենյականոց բնակարանը խոսում էր տանտերերի մաքրակենցաղության եւ պարզ կենսակերպի մասին: Բնակարանում հաճելիորեն տաք էր: Անհավակնոտ, բայց արժանավայել կենցաղի համար անհրաժեշտ բոլոր պայմանները կային: Սեղանին ութսունականներից պահված ճերմակ սփռոց էր, որի վրա արագ հայտնվեցին միրգն ու քաղցրավենիքը, տնական գաթան ու սերով սուրճը: Պատից կախված էր ընտանիքի հոր նկարը. "Այստեղ 40 տարեկան է Ամերիկայում է նկարվել, 20 թվին,- պատմեցին քույրերը,- գնացել էր աշխատելու: Վերադառնալուց առաջ է նկարվել": Մյուս պատին մոր նկարն էր. կախված էր լավ պահպանված, բայց գրեթե մեկ դար ապրած գորգի վրա, որ օրիորդ հասակում մայրը գործել էր իր իսկ օժիտի համար: Մեր այն խոսքին, թե ութսունն անց կանանց համար շատ լավ տեսք ունեն, քույրերը կատակով պատասխանեցին` "տղամարդ չենք տեսել` դրանից է": -Էդպես ստացվեց, չամուսնացանք: Երեքս էլ կրթված ենք, ամենաքիչը ես եմ ուսում ստացել` մանկավարժական ուսումնարանն եմ ավարտել, դաստիարակ էի մանկապարտեզում,- անկեղծացավ ժպտադեմ Անահիտը: Ավագ քույրը` Գոհարը, 91 թվականից անկողնային հիվանդ է: Չնայած տարիքին ու առողջական խնդիրներին` միտքը պայծառ է: Կրտսեր քույրերը հոգ են տանում իր մասին, խնամում են երեխայի պես: Ակամայից ականատես դարձանք ընտանեական կապվածության, հոգատարության եւ նվիրվածության ապշեցնող, կենդանի օրինակի. -Դուրս չենք գալիս: Ո ՞նց դուրս գանք, մեզ համար ման գանք, պտտվենք, երբ Գոհարիկը պառկած է: Չէ, չէ… ես միշտ իր մոտ եմ մնում: Ասպրամն է գնում շուկա, վարձերը տալու… մնացած ժամանակ տանն ենք, միասին` երեք քույրերով,- Անահիտի լուսավոր դեմքից մի պահ վերացավ մշտապես փայլող ժպիտը,- ամաններն էր լվանում, ընկավ ու … Հետաքրքրեցինք, թե ինչպե ՞ս որոշեցին Հիմնադրամին նվիրատվություն անել. -Երեւանում տուն ունեի, վաճառեցի, փողը դրեցի բանկ ու քույրերիս հետ եկանք Գյումրի: Էստեղ օդը լավն է, -բացատրեց Ասպրամը: -Մենք նպաստառուներ էինք, բայց հրաժարվեցինք: Մեզ պետությունից բան պետք չի: Բանկի տոկոսները մեզ հերիքում են, մի բան էլ մնում է: Ոչինչի կարիք չունենք: -Բարեգործություն անելն էլ մեր հայրիկից է մնացել: Մի փոքր խանութ ունեինք Գյումրիում` որբանոցին մոտիկ էր: Երեխեքը գալիս էին, հայրիկս բոլորին մի քաղցր բան, մի կտոր հաց էր տալիս: Հետո էդ խանութի պատճառով մեզ հալածեցին… Շատ ծանր կյանք ենք տեսել,- կիսվեց Անահիտը ու ավելացրեց:-Միշտ էլ օգնել ենք, երբ առիթ է եղել: Էն ժամանակ, որ Ճգնավորյանը Գյումրիի համար հանգանակություն արեց, մենք էլ մասնակցեցինք: Հիմնադրամն էլ տեսանք հեռուստացույցով, քույրերով որոշեցինք, որ անպայման մասնակցենք: Փորձեցինք պարզել, ինչով կարող ենք օգտակար լինել` տուրք տալով հետզհետե փշրվող, կարծրացած այն պատկերացմանը, թե միայնակ ծերերը մշտապես օգնության կարիք ունեն: -Ազգականներ ունենք, մենակ չենք: Եղբորս տղաներից մեկը Գյումրիում է իր ընտանիքի հետ…շաբաթը մեկ մեզ մոտ է լինում, Էս մեխակներն ինքն է բերել,-պատասխանեց Ասպրամն ու ձեռքը մեկնեց դեպի սեղանին դրված սպիտակ ծաղիկները: -Մեզ ոչինչ պետք չի: Վերջում ջերմ, անկեղծ գրկախառնվեցինք քույրերի հետ, ում դեռ երկու ժամ առաջ չէինք էլ ճանաչում, բայց ներքուստ գիտեինք, խորապես համոզված էինք, որ հենց այդպիսին է մարդկային այն տեսակը, որը կոչվում է Հայաստան համահայկական հիմնադրամի նվիրատու: Խոստացանք կրկին այցելել եւ փոխանցել լուսանկարները: Բոլորիս հրաժեշտի բարեմաղթանքն էլ նույնն էր . "Առողջ եղեք, իրարից անպակաս` սիրելի Գոհար, Անահիտ եւ Ասպրամ": Այլ Նորություններ 2012-04-02Դպրոց կերտող ու բարերար… 2012-02-27Դպրոցականների մտորումները "Հայաստան" համահայկական հիմնադրամը 20 տարեկան է 2011-07-22Դռների հետեւում Մայր, ով ապրեցնում է իր զավակներին 2010-04-26Մեծ սրտով փոքրիկ բարերարները Երբ չկա հանդիսատես եւ յուրաքանչյուրը մասնակից է… Կամերտոնը խթանում է տաղանդավոր հայ երիտասարդ երաժիշտներին Հարցազրույց Կամերտոնի նախագահ Լյուդմիլա Ֆոն Բերգի հետ 2009-03-11“Հայաստան” համահայկական հիմնադրամն աջակցում է Գյումրիի հակատուբերկուլյոզային հիվանդանոցին Մելինե Թուֆենկյանի “Դեղորայք ու սնունդ” ծրագիրը շարունակվում է 2008-11-15 Լեռնային Ղարաբաղի Սպիտակաշեն գյուղն արդեն ջուր ունի Ջրի պակասը համաշխարհաիյն խնդիր է: Ըստ հաշվարկների` այսօր մեկ միլիարդ մարդ աշխարհում չունի մաքուր խմելու ջուր, իսկ 2.2 միլիոն մեծահասակ ու 9500 երեխա մահանում է ամեն տարի կեղտոտ ու վարակիչ ջրի պատճառով 2007-10-18 Իրապես համահայկական մասնակցություն մեր հայրենիքի շենացմանը Հարցազրույց ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի ատենապետ Արմինե Կարապետիի հետ 2007-07-09 Ինչպիսին է տեսնում ապագայում ՙՀայաստան՚ հիմնադրամը Հայաստանի գյուղական համայնքները Ինչպիսին է տեսնում ապագայում ՙՀայաստան՚ հիմնադրամը Հայաստանի գյուղական համայնքները Հարցազրույց ՙՀայաստան՚ հիմնադրամի Նյու-Յորքի հանձնախմբի ատենապետ Րաֆֆի Ֆեստեքչյանի հետ: 2007-07-07 Մեկ ռոյալ, մեկ ուսանելի օրինակ 1 | 2 |
![]() |
||