|
In Armenianհայ
Հայտարարություններ
Մամլո հաղորդագրություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Մեր տեսանյութերը
Search News

Որոնում

Տարի
Ամիս

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ "Հեռուստամարաթոն 2009" ազգային տուրքի շրջանակում Մոսկվայում տեղի է ունեցել բարեգործական դրամահավաք-ճաշկերույթ
2009-10-27
"Հեռուստամարաթոն 2009" ազգային տուրքի շրջանակում Մոսկվայում տեղի է ունեցել բարեգործական դրամահավաք-ճաշկերույթ
Հոկտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ, "Հայաստան" համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով ամենամյա "Հեռուստամարաթոն 2009" ազգային տուրքի շրջանակում Մոսկվայի "Արարատ Պարկ Հայաթ" հյուրանոցում տեղի է ունեցել բարեգործական դրամահավաք-ճաշկերույթ, որին մասնակացել են ռուսաստանաբնակ շուրջ 80 հայազգի գործարարներ:

Դրամահավաք-ճաշկերույթին մասնակցել են նաեւ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը » եւ "Հայաստան" համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

Հանգանակված գումարներն ուղղվելու են Շուշիի զարգացման ծրագրերին: Դիմելով միջոցառմանը մասնակից մեր հայրենակիցներին` Սերժ Սարգսյանն իր ելույթում ասել է.

"…Ինչպես գիտեք, սկսվել է "Հայաստան" համահայկական հիմնադրամի ամենամյա դրամահավաքը, որը հաճախ իրավամբ կոչվում է նաեւ "ազգային տուրք": Այս անգամ մեր հանգանակություններն ուղղվելու են Շուշի քաղաքի զարգացման ծրագրերին: Այն Շուշին, որ Արեւելյան Հայաստանի կրթական ու մշակութային կենտրոններից էր, այն Շուշին, որով մենք մշտապես հպարտացել ենք, այսօր մեր աջակցության կարիքն ունի: Աշխարհում երեւի քիչ կան այնպիսի բարդ ճակատագիր ունեցող քաղաքներ, ինչպիսին Շուշին է: Մեր տարածաշրջանում չի եղել մի պատերազմ, որի ընթացքում մեծապես չտուժեր մեր գեղեցիկ բերդաքաղաքը: Բավական է հիշել, որ վերջին երկու հարյուր տարում Շուշին առնվազն տասնհինգ անգամ ձեռքից ձեռք է անցել: Դրանով այն տասնապատիկ ավելի թանկ է մեզ համար:

Ես ձեզ կոչ եմ անում շռայլորեն մասնակցել հանգանակությանը, ինչպես դարեր շարունակ վայել է եղել մեր բարեգործներին ու մեկենասներին: Մենք ինչ էլ որ տանք, ավելին չենք տալու, քան այն արյունը, որ տվեցին Շուշին մեզ վերադարձրած ազատամարտիկները: Արժանի լինենք նրանց սուրբ գործին:

Մենք շատ ենք եւ մենք ուժեղ ենք բոլոր այն հայորդիներով, բոլոր նրանցով, ովքեր այս պահին բառիս բուն իմաստով ժայռերի մեջ են եւ Արփա-Սեւան թունելն են նորոգում` օր առաջ Սեւանին ջուր հասցնելու համար, ովքեր հեռավոր Արգենտինայում հայ երեխաներին սովորեցնում են հայկական պար պարել, որովհետեւ հավատում են Կոմիտաս վարդապետի այն խոսքերին, թե "ազգային դաստիարակության ամենահզոր միջոցը հայկական պարն է", ովքեր այս պահին Արցախում զենքը ձեռքներին հսկում են մեր ժողովրդի խաղաղությունն ու արարումը, ովքեր Ցեղասպանության ցավի աղաղակը չեն կարողանում այլ կերպ հնչեցնել, քան օտար լեզվով եւ ռոք երաժշտության միջոցով, որովհետեւ անհնար է ավելի բարձր ճչալ, ովքեր Թուրքիայում հայերեն ու թուրքերեն թերթ են հրատարակում իրենց հոգու խոսքն ասելու համար, որ երբեմն հավասարազոր է դառնում նահատակության, ովքեր չեն հոգնում եւ չեն հուսահատվում շատ երկրների հասարակությունների բոլոր շերտերին եւ հատկապես պաշտոնյաներին պարզաբանելուց, որ մենք ծարավի ենք արդարության, ովքեր Լիբանանում ռազմական գործողություններից հետո հայկական դպրոցներ են նորոգում:

Մենք ուժեղ ենք այն դեռահաս տղաներով ու աղջիկներով, ովքեր մեկիկ-մեկիկ զանգահարում են ու Արցախի համար փող են հանգանակում: Բոլոր այն հայորդիներով` լինեն քարտաշ, մեկենաս, թե ճարտարապետ, ովքեր այս պահին Երեւանում մատենադարանի նոր շենք կամ Արցախում հիվանդանոց են կառուցում: Նրանցով, ովքեր Ամերիկայից մինչեւ Հնդկաստան ու Ավստրալիա հայկական պատարագ են մատուցում Աստծո ամեն կիրակի: Նրանցով, ովքեր չեն ընդունում Հայաստանի ներկա քաղաքական ուղեգիծը, եւ նրանցով, ովքեր ընդունում են: Այն հայորդիներով, ովքեր ֆիզիկապես մեզ հետ չեն, բայց մշտական ներկայություն ունեն մեր հոգեւոր-մշակութային, գիտական ու քաղաքական կյանքում: Դրանք մեր մեծերն են, ովքեր ներկա սերունդներին են կտակել հարուստ քաղաքակրթություն, նաեւ` հայ լինելու հպարտություն եւ պարտականություն: Մենք ուժեղ ենք բոլոր հայորդիներով, ողջ հայությամբ":

Դրամահավաք-ճաշկերույթի ընթացքում նվիրաբերված գումարների չափը եւ նվիրատուների անունները "Հայաստան" համահայկական հիմնադրամը կհրապարակի հեռուստամարաթոնի օրը` նոյեմբերի 26-ին:




Ֆայլեր
բեռնել գերմաներեն տարբերակը
 44 KB

բեռնել ֆրանսերեն տարբերակը
 73 KB

բեռնել արեւմտահայերեն տարբերակը
 109 KB
Նկարներ
  

Այլ Նորություններ

2010-09-02
Ստեփանակերտի թիվ 11 դպրոցը ամենախոշորն է "Հայաստան" համահայկական հիմնադրամի երբեւէ կառուցած դպրոցների շարքում

2010-08-27
"Հայաստան" համահայկական հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմինը շարունակում է աջակցությունը Հայաստանի դպրոցականներին

2010-08-18
"Հայաստան" հիմնադրամի ԱՄՆ արեւելյան շրջանի տեղական մարմինը նոր բժշկական համակարգ է ներդրել Հայաստանի ու Արցախի առողջապահության ոլորտում

2010-08-09
Նոր ուսումնական տարվա նախաշեմին Սպիտակի թիվ 2 դպրոցն ունեցավ մարզադահլիճ

2010-08-03
2011-ին Ավետարանոց գյուղը եւս ջուր կունենա
Արցախում ջրի խնդրի լուծումը "Հայաստան" հիմնադրամի գերակա նպատակն է

2010-07-26
Այսօր "Հայաստան" համահայկական հիմնադրամը Դիտավան համայնքում բացեց խմելու ջրի նորակառույց ջրամատակարարման համակարգը

2010-07-13
"Հայաստան" համահայկական հիմնադրամը կառուցում է մանկապարտեզ Ղուզե Ճարտար գյուղում

2010-07-04
"Հայաստան" համահայկական հիմնադրամի ջանքերով Ակնաղբյուրում կառուցվել է համայնքային կենտրոն. գյուղապետարան, բուժկետ, գրադարան եւ հանդիսությունների սրահ

2010-06-30
Հիմնադրամի Բրազիլիայի տեղական մարմինը եւս մեկ ծրագիր է ստանձնել Երեւանի "Նորք" ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում

2010-06-28
Վերգետնյա անցում` Խանջյան-Թումանյան փողոցների հատման կետում

մշակված է