|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մայիսի 18-ին կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցավ “Հայաստան” համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի հերթական` 18-երորդ նիստը: Նիստին ներկա էին խորհրդի 35 անդամներից 28-ը, ինչպես նաեւ` հիմնադրամի տեղական մարմինների 25 ներկայացուցիչ:

Նիստը սկսվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությամբ եւ տերունական աղոթքով: Նախքան օրակարգին անցնելը նիստը վարող ՀՀ Նախագահ, Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն անցած տարի հիմնադրամին խոշոր նվիրատվություն կատարած անձանց եւ կազմակերպություններին շնորհեց հիմնադրամի պատվո (տրվում է մեկ միլիոն ԱՄՆ դոլար կամ համարժեք դրամ եւ ավել նվիրատվություն կատարողներին), բարերար (տրվում է 500 հազարից մինչեւ մեկ միլիոն ԱՄՆ դոլարի նվիրատվություն կատարողներին) եւ աջակից (250 հազարից մինչեւ 500 հազար ԱՄՆ դոլար) անդամի վկայագրեր:

Հիմնադրամի պատվավոր անդամների շարքերը համալրեցին գործարարներ Սամվել Կարապետյանը, Սերգեյ Համբարձումյանը, Գագիկ Ծառուկյանը, Սեյրան Կարապետյանը, Էդիկ Խաչատրյանը, ինչպես նաեւ “Վիվասել-ՄՏՍ” եւ “Հայռուսգազարդ” ընկերությունները, իսկ “Ղարաբաղ տելեկոմը” ստացավ բարերար անդամի վկայագիր: Այս տարի Հիմնադրամի նոր աջակից անդամների թվում էին գործարարներ Միքայել Բաղդասարովը, Սամվել Ալեքսանյանը եւ “Միքայել Վարդանյան” հիմնադրամը:

Այնուհետ, քննարկման դրվեցին օրակարգով նախատեսված հարցեր: Միաձայն ընդունվեց ԼՂՀ նախկին նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանին Հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ նշանակելու մասին որոշումը: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ինչպես նաեւ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ի պաշտոնե դարձան խորհրդի անդամներ: Այսուհետ Ռուսաստանի հայկական սփյուռքը նույնպես ներկայացված կլինի Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահության կազմում` հանձինս իր ներկայացուցիչ Սամվել Կարապետյանի:

Լուիզ Սիմոն Մանուկյանին շնորհվեց Հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամի կարգավիճակ: Հիմնադրամի մեծ բարերար եւ պատվո անդամ տիկին Մանուկյանը բազմազբաղության պատճառով այլեւս չի մասնակցելու Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահության աշխատանքներին, սակայն շարունակելու է մնալ խորհրդի կազմում:

Արա Վարդանյանը, ով նախկինում ավելի քան երեք տարի զբաղեցնում էր գործադիր վարչության փոխտնօրենի պաշտոնը եւ վերջին մեկ տարվա ընթացքում ստանձնել էր տնօրենի պաշտոնակատարի պարտականությունները, հաստատվեց Հիմնադրամի գործադիր վարչության տնօրենի պաշտոնում:

Ընդունված կարգի համաձայն` խորհուրդը նաեւ քննարկեց եւ հաստատեց 2009-ի ռազմավարական ծրագիրը, ինչպես նաեւ համապատասխան որոշումներ կայացրեց դրա իրականացման ընթացքի վերաբերյալ: ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի առաջարկով գալիք Հեռուստամարաթոնը կնվիրվի Շուշի քաղաքի վերականգնմանը: Շուշիի վերականգնման եւ զարգացման համալիր ծրագիրն առաջիկայում կմշակվի Հիմնադրամի գործադիր վարչության եւ ԼՂՀ կառավարության փոխհամաձայնությամբ:

Մասնակիցներին ներկայացվեցին նախորդ տարվա գործունեությունն ամբողջացնող ֆինանսական հաշվետվությունը, աուդիտի եզրակացությունը եւ հաշվետու ֆիլմը: Վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունն ի պաշտոնե ներկայացրեց Վահե Ճազմադարեանը, ով նշանակալի առաջընթաց արձանագրեց Հիմնադրամի իրագործած շինարարական աշխատանքների որակի բարձրացման եւ ֆինանսական ռեսուրսների առավել նպատակային օգտագործման առնչությամբ:
մշակված է