|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
14-րդ նիստը
2005թ մայիսի 2-ին ՀՀ կառավարության ընդունելությունների տանը կայացավ ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 14-րդ նիստը, որի բացումն ազդարարեց ՀՀ նախագահ եւ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Նիստին մասնակցում էր 34 հոգաբարձուներից 27-ը, ինչպես նաեւ՝ Հիմնադրամի տեղական մարմինների 19 ներկայացուցիչ:
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հայրապետական օրհնությունից հետո նիստի մասնակիցները սկսեցին աշխատանքը: Օրակարգի հաստատմանը հաջորդեց Հիմնադրամի 2004-ի գործունեությունը ներկայացնող հաշվետու ֆիլմի ցուցադրումը:
Առաջին հարցն առնչվում էր հոգաբարձուների խորհրդի կազմում նոր անդամ ընդգրկելուն՝ ՀՀ գործարարների եւ արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանին: Թեկնածությունը հաստատվեց քվեարկությամբ:
Հիմնադրամի գործադիր վարչության երկրորդ փոխտնօրեն նշանակելու առաջարկով հանդես եկավ Հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանը` նշելով, որ վերջինս համակարգելու է ծրագրերի, միջազգային կապերի եւ հասարակայնության հետ կապերի բաժինների աշխատանքը: Առաջադրվեց Հիմնադրամի արտաքին կապերի բաժնի պետ Արա Վարդանյանի թեկնածությունը, որն էլ հաստատվեց մասնակիցների միաձայն քվեարկությամբ:
Այնուհետեւ Հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանը ներկայացրեց գործադիր վարչության հաշվետվությունը՝ 2004-ին կատարված աշխատանքների մասին: Հաշվետու զեկույցի ընթացքում արձանագրվեց ՙՀեռուստամարաթոն-2004՚-ի բարձր արդյունքը՝ ավելի քան 11 մլն դոլարի նվիրատվությամ խոստումներ, արձանագրվեց նաեւ որակական այն մեծ բարելավումը եւ հաղորդակցության աշխուժացումը, որն առկա է Հիմնադրամի գործադիր վարչություն-տեղական մարմիններ հարաբերություններում: Այժմ Հիմնադրամի գործադիր վարչությունը զբաղված է Ռուսաստանում տեղական մարմին ստեղծելու աշխատանքներով: Նշվեց, որ Հիմնադրամը 2004-ի ընթացքում իրագործել եւ իրագործում է շուրջ 100 ծրագիր՝ 18 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ: Տիկին Մելքումյանը նշեց նաեւ Հայաստանում դոլարի փոխարժեքի անկման խնդիրը, որը բացասական ազդեցություն է թողնում իրականացվող ծրագրերի վրա: Քննարկումների արդյունքում ներկայացվեցին բազմաբնույթ առաջարկություններ, որոնց թվում էր նաեւ ՀՀ Կենտրոնական Բանկի հետ սերտ համագործակցության միջոցով ռիսկային գործոնի նվազեցումը:
Նիստի մասնակիցներին ներկայացվեց նաեւ Վերստուգիչ հանձնաժողովի եւ ՙԳրանթ Թորնթոն Ամիօ՚ հաշվեքննիչ կազմակերպության եզրակացությունը Հիմնադրամի գործունեության վերաբերյալ. այն եւս հաստատվեց նիստի մասնակիցների կողմից: Նշվեց նաեւ, որ ի համեմատություն անցյալ տարվա այս տարի դիտողությունները աննշան էին:
Օրակարգի մեկ այլ հարցն առնչվում էր Հիմնադրամի կանոնադրության փոփոխություններին եւ դրանք ՀՀ օրենսդրությանը համապատասխանեցնելուն, ինչն իր հերթին ավելի արդյունավետ կդարձնի Հիմնադրամի գործունեությունը:
Լուրջ քննարկման արժանացավ ՙԱրցախի Վերածնունդ՚ ծրագիրը, որի առաջին եւ բաղադրիչ մասն է լինելու ԼՂՀ Մարտակերտի շրջանի զարգացման ծրագիրը, որին էլ կնվիրվի ՙՀեռուստամարաթոն-2005՚-ը: Ծրագրի անհրաժեշտության մասին խոսեցին ՀՀ Նախագահը, ԼՂՀ Նախագահը, Հիմնադրամի Գործադիր Տնօրենը, ինչպես նաեւ Հիմնադրամի տեղական մարմինների ղեկավարները: Հիմնադրամի տեղական մարմինների ներկայացուցիչները միասնաբար հանդես եկան այս ծրագրի իրագործմանն օժանդակելու գաղափարի շուրջ: Նիստի ընթացքում որոշում ընդունվեց նաեւ ՙՀեռուստամարաթոն-2005՚-ը նոյեմբերին 24-ին անցկացնելու վերաբերյալ:
մշակված է