|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
16-րդ նիստ
2007թ. հունիսի 19-ին տեղի ունեցավ ՙՀայաստան՚ hամահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 16-րդ նիստը, որը բացեց ՀՀ նախագահ Ռ.Քոչարյանը: Նախագահի առաջարկությամբ Հոգաբարձուների խորհրդի կազմում ի պաշտոնե ընդգրկվեցին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը եւ ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը:

Հիմնադրամի աշխատանքների մասին պատմող հաշվետու ֆիլմը ներկայացրեց վերջին տարիներին Հիմնադրամի կողմից իրականացված եւ իրականացվող բազմաթիվ ու բազմաբովանդակ ծրագրերը:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանը հանդես եկավ հաշվետու խոսքով՝ համառոտ ներկայացնելով թե կատարված աշխատանքները, թե հիմնադրամի հետագա անելիքներն ու ուղղությունները: Այդ ամենի մասին մասնակիցները տեղեկացան նաեւ Հիմնադրամի գործունեության մասին պատմող հաշվետու ֆիլմից:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը ներկայացրեց իր մոտեցումներն ու ակնկալիքները գյուղական համայնքների զարգացման ծրագրի վերաբերյալ. ծրագրի առաքելությունը, նպատակները եւ այն ուղղությունները, որով նախատեսվում է համագործակցել սփյուռքի կազմակերպությունների ու առանձին անհատների, հայաստանյան տեղական հասարակական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների եւ առանձին երկրների հետ:

Հոգաբարձուների խորհուրդը հաստատեց նաեւ Գյուղական համայնքների զարգացման ծրագիրը՝ որպես ՙՀայաստան՚ հիմնադրամի ռազմավարական ծրագրի մաս: Նշվեց, որ սա Հիմնադրամի առ այսօր տարվող աշխատանքների բնականոն զարգացումն է, որի նպատակն է կենսական կապ ապահովել Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ, ինչպես նաեւ ենթակառուցվածքների ու տնտեսական զարգացման համապարփակ ծրագրեր իրագործել Հայաստանի գյուղերում: ՙՀայաստան՚ հիմնադրամի ղեկավարությունը համաձայնեց շարունակել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում սկսված տարածքային զարգացման ծրագիրը` նմանատիպ աշխատանքներ սկսելով նաեւ Հադրութի եւ Մարտունու շրջաններում: Միաժամանակ ծրագիրը կսկսվի ՀՀ Տավուշի միկրոշրջանում, աշխատանքներ կտարվեն նաեւ այլ գյուղական միկրոշրջաններ ընդգրկելու ուղղությամբ: Նախարար Վ.Օսկանյանը նշեց, որ այս ծրագիրը կհամալրի Հայաստանի կառավարության աշխատանքներն այս ոլորտում: Նա ավելացրեց որ արդեն կան մի քանի տասնյակ անհատներ եւ կազմակերպություններ, որոնք պատրաստ են հովանավորել առանձին ենթակառուցվածքների վերականգնումն ու աջակցել յուրաքանչյուր գյուղի տնտեսական կարիքների ապահովմանը: Նախագահ Ռ.Քոչարյանը նշեց, որ սա ընդգրկուն եւ ազնիվ նպատակներով ծրագիր է, որի հաջողությունն ապահովելու համար անհրաժեշտ է գործել միասնական ջանքերով:

Նիստի օրակարգում դրված էին նաեւ կադրային հարցեր. Հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանը, գրեթե չորս տարի այս պաշտոնում աշխատելուց հետո, նախագահին ներկայացրած իր հրաժարականի համաձայն ազատվեց աշխատանքից: Նախագահ Ռ.Քոչարյանը նշեց, որ իսկապես մեծ է եղել Ն.Մելքումյանի ներդրումը Հիմնադրամի գործունեության զարգացման եւ առաջնըթացի մեջ: Հոգաբարձուների խորհրդի անդամները նույնպես իրենց երախտագիտությունը հայտնեցին Ն.Մելքումյանի հետ արդյունավետ եւ արժեքավոր համագործակցության համար: Ն.Մելքումյանը 1998-2002 թվականներին աշխատել է՝ որպես Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար, 2003-ից եղել է ՙՀայաստան՚ հիմնադրամի գործադիր տնօրեն:

ՀՀ նախագահի առաջարկով Հոգաբարձուների խորհուրդը Հիմնադրամի Գործադիր վարչության գործադիր տնօրենի պաշտոնում հաստատեց Վահե Աղաբեկյանցին, իսկ նախարար Վ.Օսկանյանին նշանակեց Գյուղական համայնքների զարգացման համակարգող:

Պարոն Աղաբեկյանցը մասնագիտությամբ ինժեներ է, իր ընտանիքի հետ Հայաստան է տեղափոխվել 1998-ին եւ 1999-ից աշխատել է՝ որպես ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի խորհրդական: Վերջին մեկուկես տարիներին ընթացքում նա զբաղվել է մասնավորապես գյուղական համայնքների զարգացման ծրագրի հայեցակարգի մշակման եւ պլանավորման աշխատանքներով:
Վահե Աղաբեկյանցը ծնվել է Թեհրանում, կրթություն է ստացել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ եւ հաջողված բիզնես կազմակերպություններ է հիմնել ՏՏ ոլորտում եւ համագործակցել աշխարհի 500 խոշորագույն կազմակերպությունների հետ: ՙԵս հավատում եմ ՙՀայաստան՚ հիմնադրամի առաքելությանը՚, - ասաց պարոն Աղաբեկյանցը: ՙՍա եզակի կառույց է, որ համախմբում է աշխարհասփյուռ հայերին եւ միասնական դարձնում Հայաստանի զարգացմանն ուղղված նրանց օժանդակությունը: Ես այն բախտավոր սփյուռքահայերից եմ, որը երազել է անկախ Հայաստանի մասին, եւ այսօր հնարավորություն ունեմ Հայաստանը դարձնել մեր երազների երկիրը՚:

ՙԻմ ամբողջ կյանքում ես աշխատել եմ ստեղծել համակարգեր եւ արտադրություններ բիզնես մոդելով, նպատակային կողմնորոշում ունեցող անկախ ձեռնարկներ, զարգացնել մարդկային ներուժը եւ հեշտացնել ինքնակայացումը: Ես մտադիր եմ այս պաշտոնում օգտագործել նույն մոտեցումներն ու մեթոդները: Նաիրա Մելքումյանը եւ ՙՀայաստան՚ հիմնադրամի աշխատակազմը, տեղական մարմինները եւ աշխահով մեկ սփռված մեր աջակիցները աշխատել եւ իրենց անձնվեր մասնակցությունն են բերել Հայաստանի եւ Արցախի ապագային: Ես երախտապարտ եմ, որ ինձ հնարավորություն է տրվել՝ շարունակելու այս գործը:

Հոգաբարձուները քննարկեցին նաեւ ՙՀայաստան՚ հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի հարցը, որը կկայանա այս տարվա նոյեմբերի 22-ին (հինգշաբթի):

Նիստի ընթացքում ՙԱնանիա Շիրակացու՚ մեդալով պարգեւատրվեցին Հիմնադրամի աշխատանքներում մեծ ներդրում ունեցած անձինք, այդ թվում Ալբերտ եւ Ժան Պողոսյանները (2001-ից Նախագահի մրցանակի հովանավոր), Գեւորգ Թորոյանը (երկար տարիներ ՙՀայաստան՚ հիմնադրամի արեւելյան ափի տեղական մարմնի ներկայացուցիչ), Վահե Ճազմատարյանը (հիմնադրամի աշխատանքների վերստուգիչ հանձնաժողովի ղեկավար), Մկրտիչ Մկրտչյանը (Կանադա), Ալբերտ Բոյաջյանը (ԱՄՆ), Խորխե Վարդպարոնյանը (Արգենտինա) եւ Միշել Բազումյանը (ֆրանսիա): Մի խումբ բարերարների շնորհվեցին շնորհակալագրեր:



մշակված է