Մեր առաքելությունը
Մեր առաքելությունն է` համախմբել աշխարհասփյուռ հայության ներուժը` ի նպաստ մեր հայրենիքի բարենորոգման ու զորացման:
Պատմություն
1992 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամը` որպես եզակի մի կառույց, որը կոչված է համախմբել Հայաստանում և արտերկրում ապրող բոլոր այն հայերին և նրանց համախոհներին, ովքեր պատրաստակամ են իրենց ջանքերն ուղղել Հայաստանի նորաստեղծ հանրապետության և Արցախի կայուն զարգացմանը: Շուկայական հարաբերությունների հաստատման բարդություններին զուգահեռ անհրաժեշտ էր հաղթահարել բազում հիմնախնդիրներ, որոնք պետության առջև ծառացել էին 1988-ի ավերիչ երկրաշարժի, երկրի շրջափակման և արցախյան պատերազմի հետևանքով:

Ըստ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կանոնադրության` Հիմնադրամի բարձրագույն ղեկավար մարմինը Հոգաբարձուների խորհուրդն է, որի նախագահն ի պաշտոնե հանրապետության նախագահն է:
Գործունեություն
Հիմնադրամի աշխատանքներում ակտիվ մասնակցություն և մեծ ներդրում ունեն նրա 20 տեղական մարմինները և գործընկեր կազմակերպությունները, որոնք ներկայումս գործում են աշխարհի 18 երկրներում. Միացյալ Նահանգներում` Լոս Անջելեսում և Նյու Յորքում, Ֆրանսիայում, Կանադայում` Տորոնտոյում և Մոնրեալում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Ավստրիայում, Շվեդիայում, Լիբանանում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Արգենտինայում, Հունաստանում, Կիպրոսում, Ուրուգվայում, Ռումինիայում, Իրանում և Իտալիայում:

«Հայկական պետականության կայացման ու զորացման գործին համայն հայության ուժերի ու կարողությունների համախումբ գործադրման նպատակով որոշում եմ հիմնել «Հայաստան» համահայկական հիմնադրամ»:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Երևան, մարտի 3, 1992թ.
Նախագծեր
Հիմնադրամն իրականացնում է միմյանց հաջորդող տարաբնույթ ծրագրեր, որոնք կենսական կարևորություն ունեն մեր հայրենիքի համար: Ճանապարհների, դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների, ջրագծերի ու գազատարների կառուցմանը զուգահեռ օժանդակություն են ստանում բազմաթիվ սոցիալապես խոցելի խմբեր, այդ թվում` ազատամարտիկների ընտանիքներ, անապահով ընտանիքների ուսանողներ: Աշխարհասփյուռ հայության նվիրատվություններով այսօր մեր հարյուր հազարավոր հայրենակիցներ ունեն տուն, ջուր, գազ, ջեռուցում, բարեկեցիկ կյանքի պայմաններ:
Մշտապես Հիմնադրամի ուշադրության կենտրոնում են արվեստի և գիտության հայ գործիչներն ու երիտասարդ ստեղծագործողները:

Հիմնադրամի առաջին խոշորածավալ ձեռնարկը «Ձմեռ» մարդասիրական ծրագիրն էր, որի շրջանակներում հանգանակված միջոցները 1992-95 թթ. ուղղվեցին ժողովրդի համար օրախնդիր դարձած սոցիալական հիմնահարցերի լուծմանը: Աղետի գոտում Հիմնադրամը ձեռնամուխ եղավ բնակարանաշինությանը` 88-ի երկրաշարժից անօթևան մնացածներին կացարաններով ապահովելով Գյումրիում, Վանաձորում, Ստեփանավանում, Սպիտակում: Հիմնադրամի օժանդակությունից անմասն չմնացին նաև զոհված ու առաջին կարգի հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներն ու կարիքավոր ուսանողները, որոնց Հիմնադրամը շարունակում է նպաստ տրամադրել:

1995-99 թթ. Հիմնադրամին վստահվեց Հայաստանում և Արցախում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված խնդիրների լուծումը: Մեկը մյուսին հաջորդեցին «Գորիս-Ստեփանակերտ», ապա 2000-2005թթ. Արցախում «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղիների կառուցումը: Վերջինս ճանապարհային ցանց ապահովեց ԼՂՀ քաղաքների և գյուղերի միջև` մեծապես նպաստելով երկրում տնտեսության զարգացմանը: Ճանապարհաշինությանը զուգընթաց` Հիմնադրամը ստանձնեց նաև համայնքային զարգացման նպատակային ծրագրեր` կառուցելով ու վերակառուցելով դպրոցներ, բուժհաստատություններ, ջրամատակարարման ու գազամատակարարման համակարգեր, էլեկտրահաղորդագծեր, մշակութային հաստատություններ և այլն:

2005 թ. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում հաստատվեց տարածքային զարգացման «Արցախի վերածնունդ» ծրագիրը, որի իրագործումը նոր էջ բացեց Հիմնադրամի գործունեության մեջ: Խորհուրդը միաձայն որոշում ընդունեց 2005 -2006թթ. հեռուստամարաթոններում հանգանակված գումարները համապատասխանաբար ուղղել արցախյան պատերազմի հետևանքով առավել մեծ վնասներ կրած ԼՂՀ շրջանների` Մարտակերտի և Հադրութի վերականգնմանն ու զարգացմանը: 2006 թվականից սկսվեցին Մարտակերտի շրջանի վերականգնման աշխատանքները, որոնք ներառում են միաժամանակ մի քանի ոլորտ` գյուղատնտեսություն, ջրամատակարարում, առողջապահություն, դպրոցաշինություն: Նույնօրինակ ծրագիր Հիմնադրամն իրագործում է ԼՂՀ Մարտունու շրջանում:

2007-2008թթ. Հիմնադրամը ձեռնամուխ եղավ Հայաստանի ու Արցախի գյուղերում սոցիալական ենթակառուցվածքների վերականգնմանը: Հեռուստամարաթոն 2009-նն անցկացվեց «Մեր Շուշին» խորագրի ներքո և հասույթը գլխավորապես ուղղվեց Շուշիում սոցիալական ու տնտեսական ենթակառուցվածքների` ջրագծերի, դպրոցների, ճանապարհների, բնակելի շենքերի տանիքների վերանորոգմանը: 2010-2011թթ. Հիմնադրամն իր միջոցները նպատակաուղղեց Արցախի ջրամատակարարման ոլորտի բարելավմանն ու Հայաստանի գյուղական համայնքների ենթակառուցվածքների զարգացմանը: 2012թ.-ի նվիրատվություններն ուղղվեցին Արցախի և Հայաստանի գյուղական շրջաններում համայնքային կենտրոնների կառուցմանն ու սիրիահայության հրատապ խնդիրների լուծմանը:

2013թ.-ին հավաքագրված միջոցներն ուղղվեցին Հայաստանը և Լեռնային Ղարաբաղն իրար կապող շուրջ 116կմ երկարությամբ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի հողային աշխատանքների իրականացմանը: 2014թ.-ին հավաքագրած գումարներով էլ մեկնարկեց ճանապարհի ասֆալտապատումն ու հարդարումը: Մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհը շահագործման հանձնվեց 2017թ. սեպտեմբերին: 2015թ.-ի հեռուստամարաթոնի արդյունքում հավաքագրված գումարը նպատակաուղղվեց Արցախում 5 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին բնակարաններով ապահովելուն: 2016թ.-ի դրամահավաք միջոցառումների հասույթով էլ շարունակվում են Արցախի տուժած բնակավայրերի վերականգնման աշխատանքները, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումները, ինչպես նաև Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցումը: Զուգահեռաբար կյանքի են կոչվում բարերարների կողմից ընտրված հատուկ ծրագրերը Հայաստանում և Արցախում: 2017թ.-ի դրամահավաքի արդյունքում հավաքագրված գումարն ուղղվելու է Արցախի ոռոգման համակարգի կառուցմանը և արևային էներգիայի կիրառմանը:

Իր գործունեության 25 տարիների ընթացքում Հիմնադրամը հասցրել է ճանաչվել ողջ հայության կողմից, քանի որ իր ծրագրերում միշտ եղել է արդիական ու սպասված: Ի սկզբանե նեցուկ լինելով հայոց պետականությանը` Հիմնադրամը շարունակում է հավատարիմ մնալ իր առաքելությանը և աշխարհասփյուռ հայության միասնական ջանքերն ուղղում է մեր երկրի վերակառուցմանն ու ամրապնդմանը:
Իր գործունեության ընթացքում Հիմնադրամն իրականացրել է՝
ավելի քան 330 000 000 ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագրեր Հայաստանում և Արցախում,
ավելի քան 1100 ծրագիր Հայաստանում և Արցախում:
Հիմնադրամը կառուցել, վերակառուցել և իրականացրել է ավելի քան՝
605կմ ճանապարհ,
580կմ ջրագիծ ու ջրատար,
149կմ գազամուղ,
70կմ էլեկտրագիծ,
359 դպրոց ու մանկապարտեզ,
24 համայնքային կենտրոն,
500 տուն ու բնակարան,
75 առողջապահական հաստատություն,
58 մշակույթի ու սպորտային կենտրոն,
100 ջերմոց,
169 կրթական, մշակութային ու գիտական ծրագրեր:
Հիմնադրամն ունի ավելի քան 700 000 նվիրատու Հայաստանից, Արցախից և Սփյուռքից:
Դրամահավաք
Սիրելի հայրենակիցներ,

Ձեր աջակցությունն այսօր կօգնի մեզ կառուցել կամ վերանորոգել ևս մեկ դպրոց, հիվանդանոց, ճանապարհ, ջրագիծ կամ բնական գազի ցանց:

Նվիրատվություն կատարելու համար կարող եք զանգահարել +37410 52 15 05 կամ այցելել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր խորհուրդ:

Մանրամասների համար դիմեք pr@himnadram.org
Նվիրաբերիր հիմա
Հիմնադրամի դրամական միջոցները գոյանում են տարեկան հեռուստամարաթոնի,տարբեր երկրներում կազմակերպվող հեռախոսամարաթոնների, ռադիոմարաթոնների, հեծանվարշավների, ճաշկերույթների հանգանակություններից, բարեգործական համերգների ու ցուցահանդեսների հասույթներից, փոստային և SMS նվիրատվություններից, ինչպես նաև անհատների թողած կտակներից և նպատակային հատկացումներից:

1996 թ-ից սկսած ամեն տարի Լոս Անջելեսից հեռարձակվող ամենամյա հեռուստամարաթոնը հանրագումարի է բերում տարվա ընթացքում Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում հավաքագրված գումարները, հաշվետվություն ներկայացնում նվիրատուներին և հայությանը համախմբում հայրենիքի համար կենսական կարևորության ձեռնարկի շուրջ: Հեռուստամարաթոններում հավաքված նվիրատվություններն ուղղվում են հոգաբարձուների խորհրդի ամենամյա նիստերում հաստատված խոշորածավալ ռազմավարական ծրագրերի իրագործմանը:

Համաեվրոպական հեռախոսամարաթոնները, որոնք իրականացվում են Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի գլխավորությամբ, ապահովում են Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Հոլանդիայի, Հունաստանի հայ ընտանիքների ու կազմակերպությունների նվիրատվություններն ընթացիկ տարվա խոշոր ծրագրում: Հեռախոսամարաթոններ են անցկացնում նաև Արգենտինայի, Բրազիլիայի և Ուրուգվայի տեղական մարմինները: