Խաչարձանցի երիտասարդները արգենտինահայերի հետ քննարկեցին գյուղի ապագան
Հրապարակվել է Սեպտեմբեր 28, 2017
«Հայաստան» համահայկական հիմնադրամի արգենտինահայ բարերարներ Կալչյան և Ավագյան ընտանիքները պարբերական հոգածության ներքո են պահում Տավուշի մարզի Խաչարձան գյուղը։ Ընտանիքները տարատեսակ ծրագրեր են իրականացրել Խաչարձան գյուղում։ Օրինակ՝ գյուղի դպրոցը վերակառուցվել է Կալչիյանների ընտանիքի ֆինանսավորմամբ, գյուղի ընտանիքները ջերմոցներ են ստացել՝ կառուցված ընտանիքների աջակցության շնորհիվ։
Աշնան սկզբին արգենտինահայերը կրկին Խաչարձանում էին՝ այս անգամ հանդիպելու գյուղի երիտասարդության հետ։
«Խաչարձանը հրաշալի բնություն ունի, բոլոր նախադրյալները կան գյուղը զբոսաշրջության կենտրոն դարձնելու, - երիտասարդների հետ հանդիպմանն ասացին բարերարները, - սակայն մենք ուզում ենք, որ դուք՝ երիտասարդներդ, որ այս գյուղի շարժիչ ուժն եք ու լավ գիտեք ձեր գյուղի հնարավորությունները, մեզ ասեք, թե ինչ եք պատկերացնում, որ կարելի է հիմնել գյուղում»։
Խաչարձանցի երիտասարդները տարբեր մտքեր և գաղափարներ արտահայտեցին հանդիպմանը՝ վստահեցնելով, որ բարերարների մյուս այցի ժամանակ արդեն կունենան հստակ ծրագիր։ Բարերարներն էլ խոստացան ֆինանսավորել երիտասարդների գաղափարները։