Ըստ հովանավորի: Համայն Հայություն
Start Մեկնարկի ամսաթիվ: Մարտ 01, 2014
End Ավարտի ամսաթիվը ` Դեկտեմբեր 01, 2016
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղին համահայկական հիմնադրամի գործունեության ընթացքում համահայկական ջանքերով կառուցվելիք երրորդ խոշոր ավտոճանապարհն է /մոտ 116կմ/ , որի կառուցումն ու բարեկարգումը մեծ խթան կհանդիսանա հայկական երկու հանրապետությունների սոցիալ-տնտեսական կյանքի զարգացման համար:

Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհն արդեն իսկ անհրաժեշտություն դարձած այլըտրանքային ճանապարհ է, որն ուղիղ կապ է հաստատում Հայաստանի հարավ-արևելյան և Արցախի հյուսիսային շրջանների միջև: Ճանապարհի գործարկումը կաշխուժացնի երկու հանրապետությունների միջև կապը, որն առ այսօր հնարավոր էր միայն Բերձորի միջոցով:

Ճանապարհի բարեկարգումը ենթադրում է ոչ միայն ասֆալտապատում, այլև ճանապարհաշինության մի շարք չափորոշիչների ապահովում` ներառյալ ճանապարհի ջրահեռացման, ձյունապաշտպան միջոցների, արգելափակոցների ապահովում, համապատասխան նշաններով կահավորում: Կառուցվող ճանապարհի վրա անհրաժեշտ կլինի վերանորոգել թվով 16 կամուրջ:

Ճանապարհից մինչև 2-3կմ հեռավորության վրա ընկած համայնքներն են Դրմբոնը, Կոճողուտը, Վերին Հոռաթաղը, Վաղուհասը, Հաթերքը, Գետավանը, Չափարը, Խնկավանը, Չարեքթարը, Նոր Էրքեջը, Դադիվանքը, Նոր գետաշենը, Քնարավանը և Եղեգնուտը: Շահառու համայնքների թվում կլինեն նաև 5 կմ և ավելի հեռավորության վրա գտնվող համայնքները, այդ թվում Քարվաճառի շրջկենտրոնը, Նոր Ղարաչինար, Հարութագոմեր, Զարդախաչ, Համշակ, Չափնի, Չինավան, Նոր Խարխապուր, Շիկքար, Նոր Բրաջուր, Եղցին, Զովք, Նոր Վերնաշեն, Մշենի, Նոր Մանաշիդ գյուղերը: