Վանաձորի թիվ 30 մանկապարտեզի փոքրիկների տաք ձմեռը
Տեղադրվել է Դեկտեմբեր 12, 2018

Նոր տարվա հանդեսի բանաստեղծություններն արտասանում են իրար հերթ չտալով՝ մեկը՝ գլուխը վեր, բարձր տոնով, մյուսը՝ ամաչկոտ, ցածրաձայն բառերն իրար հետևից արագ-արագ շարելով: Վանաձորի թիվ 30 մանկապարտեզի սաներն են: Հյուրերի դիմավորման արարողակարգային մասն ավարտվում է, երբ փոքրիկներից մեկը տեղից հանկարծ ասում է՝ «պապաս գնաց գործի»: Ազատ զրուցելու մարաթոնին միանում են մյուսները՝ ով ինչ է սիրում, ում է կարոտում, ինչ է ուզում Ձմեռ պապիկից:

_ Իմ նվերը չի գտնում, - մեծ կանաչ աչքերը հատակին հառած՝ ասում է Ռաֆայելը:

_ Ի՞նչ ես ուզել, որ չի գտնում:

_ Լիմուզին ու հարս ու փեսա, - ծանր հոգոցով տեղեկացնում է 5-ամյա փոքրիկը:

_ Ինչի՞ հենց դա, - զարմացած հարցնում եմ:

_ Որ ամուսնացնեմ, - ինքն էլ, իմ հարցի անտեղի լինելու վրա զարմացած, ասում է Ռաֆայելը: Չգիտեմ՝ ինչպես շարունակեմ զրույցը: Ռաֆայելն ինքն է վերսկսում.

_ Պապաս Ձմեռ պապիկին խանութում տեսել է, ասել է, որ փնտրում է, փնտրում է, չի գտնում: Հիմա երևի ուրիշ նվեր ուզում: Չգիտեմ:

Ռաֆայելի մտայնություններն ընդհատում են ընկերները, որ այդ պահին հավաքվել են շուրջը ու իրենց նվերների ցանկն են ներկայացնում. ինքնաթիռներն ու ավտոմեքենաները ամենապահանջվածն են:

Դաստիարակները լուռ լսում են ու ժպտում: Իրենց նվեր-ցանկություններն արդեն իրագործվել են: «Հայաստան» համահայկական հիմնադրամը վերականգնել և օպտիմալացրել է մանկապարտեզի ջեռուցման համակարգը ԱՄՆ-ում գործող հայկական Juliangel hիմնադրամի ֆինանսավորմամբ: Հին համակարգը բաղկացած էր մետաղե խողովակներից և մետաղական ջեռուցիչներից, որոնք ժամանակի ընթացքում կոռոզիայի էին ենթարկվել և այլևս պիտանի չէին օգտագործման համար: Juliangel hիմնադրամը հոգացել է նաև մանկապարտեզի կահավորման խնդիրը:

Վանաձորի թիվ 30 մանկապարտեզը քաղաքի 22 մանկապարտեզներից մեկն է: Շենքը կառուցվել է երկրաշարժից անմիջապես հետո` 1989 թվականին: Մանկապարտեզ են հաճախում 200-ից ավելի երեխա: