«Արարենք միասին». Կայացել է Հիմնադրամի 21-րդ հեռուստամարաթոնը
Տեղադրվել է Նոյեմբեր 24, 2018

Լոս Անջելեսում կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը: «Արարենք միասին» խորագրով համազգային դրամահավաք-միջոցառումը սկսվել է Երևանի ժամանակով 22:00-ին, տևել է 12 ժամ: Հիմնադրամի 21-րդ հեռուստամարաթոնը ուղիղ հեռարձակվել է տեղական հեռուստաընկերություններով: Ընդհանուր առմամբ՝ հանգանակվել է 11 մլն 109 հազար 633 դոլար: Սա նախնական տվյալ է, ներառված չեն Հայաստանում և Ռուսաստանում հավաքագրված գումարները:

Հիմնադրամի երևանյան գրասենյակում նվիրատվություններ են կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 1,5 մլն դրամ, որից 1 մլն դրամը վարչապետի ֆոնդի, 500 000 դրամ Փաշինյանը նվիրաբերել է իր անունից:

Նախագահ Արմեն Սարգսյանը Հեռուստամարաթոն-2018-ին նվիրաբերել է իր կես տարվա աշխատավարձը:

Իր և ԱԱԾ աշխատակիցների անունից հանգանակություն է կատարել Արթուր Վանեցյանը. 9 527 400 դրամ ԱԱԾ-ն է նվիարբերել, Արթուր Վանեցյանն էլ իր անունից նվիրատվություն է կատարել իր մեկ ամսվա աշխատավարձը:

Հեռուստամարաթոնի ընթացքում՝ կեսգիշերին Հիմնադրամ է այցելել նաև քաղաքպետ Հայկ Մարությանն ու քաղաքացիական պարտքը կատարել՝ մասնակցելով համահայկական դարամահավքին:

Ներքոնշյալ ներկայացնում ենք Հեռուստամարաթոն-2018-ի մի քանի խոշոր նվիրատուների ցանկը.

  • Անանուն բարերար՝ 2.3 մլն դոլար
  • Իրանահայ բարերարներ Հենրիկ և Ադրինե Տեր-Ղուկասյաններ՝ 1 մլն 340 հազար դոլար, որով հիմնանորոգվելու է Մատաղիս-Թալիշ ավտոճանապարհը
  • Ամերիկահայ բարերար Անդրանիկ Բաղդասարյան՝ 1մլն. դոլար, որով հիմնանորոգվելու է Գետավանի դպրոցը
  • Ամերիկահայ բարերար Ալբեր Բոյաջյան՝ 1 000 000 դոլար
  • Արցախահայություն՝ 1 մլն դոլար
  • Իրանի հայ համայնք՝ 100 հազար դոլար
  • Եգիպտոսի հայոց թեմը՝ Կահիրեի ազգային առաջնորդարան՝ 10 հազար դոլար
  • Գևիկ և Փիթեր Բաղդասարյաններ ու ընկերներ՝ 61 հազար դոլար
  • «Գրանդ» Հոլդինգի սեփականատերեր Կարեն և Միքայել Վարդանյաններ՝ 60 մլն դրամ, որով հիմնանորոգվելու է Դիլիջան-Իջևան պետական նշանակության ճանապարհը, ինչպես նաև կբարեկարգվի Արցախի Աստվածամոր Սուրբ Հովանի նորակառույց եկեղեցու շրջակա տարածքը։
  • «Ալեքս Հոլդինգ»՝ 200 հազար դոլար:

Ավելի վաղ Համահայկական հիմնադրամի կառույցները Լատինական ու Հյուսիսային Ամերիկաներում և Եվրոպայում անցկացրել են ավանդական հեռախոսամարաթոններ:

  • Բրազիլիայի տեղական մարմինը հավաքել էր 30 000 ԱՄՆ դոլար:
  • Տորոնտոյի «Հայաստան հիմնադրամ» կազմակերպությունն այս տարվա բարեգործական ճաշին հավաքել է 1 մլն 300 հազար կանադական դոլար (1 մլն ամերիկյան դոլար):
  • Համահայկական հիմնադրամի համաեվրոպական հեռախոսամարաթոնն էլ կայացել էր նոյեմբերի 14-18-ին: Եվրոպայի հայությունը հանգանակել է ընդհանուր առմամբ 1 մլն 242 հազար 460 եվրո:

Հանգանակված նվիրատվությունները գումարվել են «Հեռուստամարաթոն-2018»-ի վերջնական արդյունքին:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 21-րդ հեռուստամարաթոնի միջոցներով կշարունակվեն Արցախում իրագործվող երկու կարևոր ծրագիր, որոնք սկսվել էին նախորդ տարվա՝ «Բերքառատ Արցախ» հեռուստամարաթոնի միջոցներով:

Առաջինն արցախյան գյուղատնտեսության ռեաբիլիտացիայի համար կենսական նշանակության խորքային հորերի հորատման և կաթիլային համակարգի կառուցման ծրագրերն են: Մարտունիի ու Ասկերանի շրջանների մոտ 200 հա տարածք ոռոգելի կդառնա, ոռոգման ջուրը կհասնի արցախցիների խաղողի, ցորենի դաշտերին, պտղատու այգիներին: 13 խորքային հոր է արդեն փորվել դրա համար: Ընթանում են հորատանցքերի վրա պոմպակայանների կառուցման աշխատանքները:

Հեռուստամարաթոնի երկրորդ ուղղությունը Արցախում արևային էներգիայի կիրառումն է: Ծրագիրը սկսել ենք Շուշիի շրջանից: Պիլոտային էր Քարինտակ համայնքը, որտեղ արդեն 50 տանը օգտագործում են այլընտրանքային էներգիա: 2019-ին արևային էներգիայից կօգտվեն նաև Ասկերանի բնակավայրերում:

Բացի Արցախում իրականացվելիք ծրագրերից, «Հեռուստամարաթոն -2018» -ին նվիրաբերված գումարներն ուղղվելու են Հայաստանի համայնքային ենթակառուցվածքներին, որոնք կխթանեն աշխատատեղերի ստեղծմանը: