«Կարևորը աշխարհը փոխելու ամենօրյա ցանկությունն է». Ռաֆայել Գրիգորյան՝ ՏՏ ոլորտի Գրան պրի մրցանակակիր
Տեղադրվել է Հոկտեմբեր 24, 2018

Բաղրամյան 26-ի ընդունելությունների դահլիճում բոլոր տեսախցիկները նրան են ուղղված: Ռաֆայելը պրոֆեսիոնալի համբերատարությամբ է պատասխանում նույնատիպ հարցերին: «Ժամանակին մասնակցել եմ «Դեմ եմ» շարժմանը, որոշակի փորձ ունեմ լրագրողների հետ շփվելու, բայց այնպես չէ, որ իմ առօրյան է», - ավելի ուշ, առանձին հարցազրույցը սկսելիս ասում է Ռաֆայելը:

Մինչև այդ հնչում է հիմնը, ու սկսվում է պաշտոնական արարողությունը: ՏՏ ոլորտում պետական կրթական մրցանակները (նախկինում՝ Նախագահի ամենամյա կրթական մրցանակ) հանձնում է Նիկոլ Փաշինյանը: Պարգևատրվում են լավագույն աշակերտը, ուսանողը, բակալավրը, մագիստրանտը, ասպիրատն ու սփյուռքահայ ուսանողը: Մրցանակաբաշխությունն իրականացնում են «Սինոփսիս Արմենիան» և «Հայաստան» համահայկական հիմնադրամը:

25 ուսանող ու 18 աշակերտ ստացավ գիտելիքը խորհրդանշող պարուրաձև արձանիկն ու դրամական պարգև: Գլխավոր մրցանակակրի անունը հնչեց ամենավերջում, թեպետ բոլորն արդեն գիտեին նրան: Մրցանակի 14 տարվա պատմության մեջ 4-րդ անգամ է, որ մրցութային հանձնաժողովն առանձնացրել է Գրան պրի մրցանակակրի: Ավագ ինժեներ Ռաֆայել Գրիգորյանն է: «Հարցազրույցի ժամանակ կռահել էի, որ լավ տպավորություն եմ թողել, բայց չէի կարծում՝ Գրան Պրիի կարժանանամ», - ասում է նա:

Հանձնաժողովը մասնակիցների ընդհանուր զարգացվածության մակարդակն է ստուգել: Ինժեներ Ռաֆայել Գրիգորյանը զարմացրել է արտաքին քաղաքականության հարցերի շուրջ իր դատողություններով ու վերլուծություններով:«Ինձ հատկապես դուր եկավ, որ գնահատում էին հարցի անալիտիկ հատվածը: Միշտ ստանդարտը սպանում է կրեատիվը», - նշում է Ռաֆայելը ու հավելում, որ լավ կլիներ դպրոցներում էլ երեխաներին հնարավորություն տային ազատ մտածելու, ընտրելու սովորել՝ ինչ իրենց է հետաքրքիր, Ապրում ենք այնպիսի դարում, որ ինքնակրթությունն ավելի կարևոր է, քան դպրոցական առաջադրանքները գերազանց կատարելը»:

Երևանում է ծնվել, սովորել է Գրիգոր Նարեկացու անվան դպրոցում, հետո՝ Ճարտարագիտական համալսարանի կոմպյուտերային համակարգերի և ինֆորմատիկայի դեպարտամենտ է ընդունվել, երկրորդ կուրսից էլ սովորել է «Սինոփսիս Արմենիայի» ուսումնական դեպարտամենտում: 7 տարի է՝ այնտեղ էլ աշխատում է, ավագ ինժեներ է, որը երազում է աշխարհը փոխելու մասին: Ռաֆայելը Գրան Պրիի է արժանացել իր ստեղծած գերօպտիմալ հիշողության կրիչի՝ «չիպի» համար:

«Չիպերը կոմպյուտերների բջիջներն են, այն մասերն են, որ մեկը մյուսին ինֆորմացիա են փոխանցում: Մի չիպի արտադրման պրոցեսը բավական երկարատև է, բազմաթիվ մասնագետներ են աշխատում», - պատմում է Ռաֆայելը, - «կոնկրետ այն ոլորտը, որ ես ներկայացնում եմ, չիպի ֆիզիկական նախագիծն է, որը պետք է հնարավորինս ճիշտ արտատպի սխեմատիկ նախագիծը, որից է կախված է տվյալ չիպի օպտիմալ, արդյունավետ ու արագ աշխատանքը: Հենց այդպիսի չիպ եմ ստեղծել»:

Համակարգչային չիպերի ստեղծման պրոցեսը Ռաֆայելը փիլիսոփայությամբ է մեկնաբանում, պրոյեկտում է մարդու վրա: Ասում է՝ յուրաքանչյուրն ինքն է օպտիմալացնում իր «չիպը»՝ անկախ նրանից, թե դրա վրա ինչ գենետիկ ժառանգություն կա: «Որքան շատ ես ճանաչում աշխարհը, այդքան հասկանում ես, որ աշխարհը քո մեջ է: Եվ որքան ճիշտ աշխարհընկալումդ արտահայտի արտաքին աշխարհը, այնքան ներսից ազատ ես», - համոզված է նա:

Ինժեներական աշխատանքը ստեղծագործականի վերածած երիտասարդը հասակակիցներին խորհուրդ է տալիս չհետևել միայն աշխարհի բրոնյալ շարժմանը, այլ դառնալ շաժիչ: «Կարևորը նպատակամղվածությունն է ու աշխարհը փոխելու ամենօրյա ցանկությունը», - ընդգծում է Ռաֆայելն ու շտապում իր պարուրաձև արձանիկը գրապահարանին դնելու ու նոր հայտնագործություններ նախաձեռնելու: