Ստեփանակերտի նորակառույց Ուռուցքաբանական հիվանդանոցում պատրաստ են մեծ վիրահատությունների
Տեղադրվել է Հոկտեմբեր 22, 2018

Տեսախցիկի չըխ-չըխոկցից Գագիկն անմիջապես դուրս է գալիս: Հ սկում է Ստեփանակերտի նորակառույց ուռուցքաբանական դիսպանսերի անվտանգությունը: Իմանում է` որտեղից ենք, թույլ է տալիս ներս մտնել, մինչև գլխավոր բժիշկը հին հիվանդանոցից կգա:

«4 պահակ է աշխատում, հերթափոխով», - տեղեկացնում է Գագիկ Բադալյանը: Հիվանդանոցը դեռ չէր գործում, երբ հանդիպեցինք, սարքավորումների էին սպասում: «Բայց ի՜նչ լավ հիվանդասենյակներ ունենք` հեռուստացույցով, բազմոցներով, սառնարանով: Ամեն-ամեն պայման կա», - ասում է պարոն Գագիկը` ուղեկցելով հիվանդասենյակներով, վիրահատական սրահներով:

Ստեփանակերտում նոր ուռուցքաբանական հիվանդանոց կառուցելն անհրաժեշտություն էր, որն էլ իրագործվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանի աջակցությամբ, ֆրանսահայ բարերար Ռիշար Օհաննիսյանի հովանավորությամբ և Արցախի կառավարության համաֆինանսավորմամբ:

«Դուք, որ տեսնեք հին շենքը, էլ ոչ մի հարց չեք տա», - ասում է շրջայցին միացած Ուռուցքաբանական դիսպանսերի գործադիր տնօրեն Արմեն Հայրիյանը: Հիպոկրատի երդմանը հավատարիմ է 2001-ից: Աշախտում, ասում է` ավելի ճիշտ` ծառայում է Արցախում կարիերայի առաջին օրից, - «Հին շենքում ամբողջ մի հարկի համար մի զուգարան է աշխատում, էլ ինչ պայմանի մասին է խոսքը: Հերոսաբար ենք աշխատել այսքան տարի»: Բայց նույնիսկ աննկարագրելի վատ պայմաններին բժիշկ Հայրիյանն ու կոլեգաները հրաշքներ են գործել, որոնք էլ թույլ են տվել հավատալ` այսպիսի հիվանդանոց ունենալու երազանքին, - «Շուշիից մի երիտասարդ կնոջ էինք վիրահատել, կրծքագեղձի քայքայվող, 4-րդ ստադիայի ուռուցք ուներ: Պարզապես հույս չկար, վիրահատեցինք, որպեսզի չարյունահոսի: Մինչև հիմա ապրում է, 10 տարուց ավելի է: Հրաշքն էլ ինչպես է լինում»:

Դարի հիվանդությունը Արցախում համեմատաբար պակաս ցուցանիշ ունի: Բժիշկ Հայրիյանն ասում է` բնակչության տեղեկացվածությունն ու էկոլոգիական մաքրությունն են ինչ-որ տեղ նպաստում: Բայց քաղցկեղն ամբողջ աշխարհում, ցավոք. աճի միտում ունի, նույնպես և Արցախում: 2017-ին սպասարկել են 950 հիվանդի, - «Ներկայում, հին մասնաշենքում ենք աշխատում, մինչև նոր դիսպանսերը անհրաժեշտ սարքավորումնեով կվերազինվի: Կարողանում ենք քիմիաթերապիա անել, նաև վիրահատություններ, սակայն առանց ինտենսիվ թերապիայի: Հետվիրահատական սենյակ չունենք»: Նոր շենքում ամեն ինչ կունենան:

Բժիշկ Հայրիյանի ղեկավարությամբ 8 ուռուցքաբան է աշխատում: Բոլորն էլ պարբերաբար վերապատրաստվում են ոչ միայն Երևանում, նաև արտասահմանյան առաջատար հիվանդանոցներում:

Մոտ 1.5 տարվա աշխատանքից հետո Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնը վերջապես գործում է նոր մասնաշենքում: Այսուհետեւ Երեւան գնալ անհրաժեշտ կլինի միայն ճառագայթային բուժում ստանալու համար, մնացած դեպքերում՝ վիրահատական, քիմիոթերապևտիկ, սիմպտոմատիկ բուժումներ և իմոնոթերապիա, հիվանդանոցի պրոֆեսիոնալ բուժանձնակազմը կանի անհրաժեշտը:

«Որպես վիրաբույժ պատրաստ եմ մեծ վիրահատությունների» - ընդգծում է Ստեփանակերտի ուռուցքաբանական դիսպանսերի գործադիր տնօրենը: Արմեն Հայրիյանն ու անձնակազմը ընթացիկ տարում նոր պայմաններում ու նոր սարքավորումներով կշարունակեն հեղինակել բժշկական նոր հրաշքներ: