Հրաժեշտ մկներին, միջատներին ու անձրևաջրին. Գյումրեցի 40-րդ ընտանիքը լքեց դոմիկը
Տեղադրվել է Օգոստոս 20, 2018

Լաուրան հավատում էր ու սպասում, ծնողները և քույրն ու եղբայրը թերահավատ էին, անհույս, որ իրենց կյանքն էլ կբաժանվի առաջ-ի ու հետո-ի: Բայց Լաուրան գիտեր, որ գալու է այդ պահը, որ այդքան անարդար չի կարող լինել կյանքը, որ աշխարհում կա բարին, որն էլ մի օր կայցելի իրենց դոմիկ:

Գարնան մի անձրևոտ գիշեր 20-ամյա աղջիկն արթանացրին ոչ թե ջրի կաթոցները ուղիղ իր անկողնու վրա (դա սովորական էր), այլ ոտքերի վրայով անցնող մկները: Դա էլ էր վաղուց սովորական դարձել, բայց Լաուրան այս անգամ չդիմացավ, վեր կացավ ու գիշերվա 3-ին վերցրեց հեռախոսն ու սկսեց շարադել իրենց կենցաղային պայմանների ու ընտանիքի մասին նամակը՝ ուղղված «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆեյսբուքյան էջին: Հետո արցունքները սրբեց ու քնեց:

Լաուրայի նամակի մասին տանը ոչ ոք չիմացավ, ինքն էլ էր գրեթե մոռացել, մինչև եղավ անսպասելի առաջին զանգը: Հիմնադրամի աշխատակիցներն այցելեցին իրենց դոմիկ, լուսանկարեցին, գրի առան ընտանիքի պատմությունն ու հեռացան: Տանեցիները շարունակեցին անհույս առօրյան: Երկրաշարժի ժամանակ Գայանե Մկրտչյանն ու Անդրեյ Օգանեզովը տուն չեն կորցրել, հետևաբար տուն չի հասնում, 25 տարվա ընթացքում ոչ մի կազմակերպության ու հիմնադրամի էլ չեն դիմել, անիմաստ է, հերթում ավելի կարիքավորները կան, այդպես են մտածել: Իսկ տան եկամուտը նախկին զինվորական Անդրեյի բանվորական աշխատանքն է, որն էլ մշտական չէ:

Լաուրայի նամակը Համահայկական հիմնադրամը փոխանցեց արգենտինահայ երեք ընտանիքներին՝ Դևեճիէան, Էքզերճիէան, Շիմշիրօղլու: Նրանք Հիմնադամի հետ աշխատում են արդեն 10 տարուց ավելի, դպրոցներ, մանկապարտեզներ ու ճանապարհներ են կառուցել Տավուշի սահմանամերձ համայնքներում և Արցախում, մի շարք սոցիալ-տնտեսական ծրագրեր ֆինանսավորել: Հիմա էլ ցանկություն հայտնեցին մասնակցել Գյումրին դոմիկներից ազատելու Հիմնադրամի ծրագրին: Վերջին 3 տարում Համահայկական հիմնադրամը բարերարների օգնությամբ դոմիկից տուն է տեղափոխել 39 ընտանիքի: 40-րդ շահառուն հայտնի դարձավ Լաուրայի գրած նամակով:

Մի քանի ամսից արգենտինահայ բարերարներն արդեն Լաուրայենց տանն են: Տիկին Գայանեն այսքան շատ ու այսքան սպասված հյուրերի վաղուց չէր հյուրընկալել: Այս անմարդակային պայմաններում ապրում են 1994-ից՝ արդեն 25 տարի: Դոմիկում են ծնվել Գայանեի ու Անդրեյի 3 երեխաները: Մեծ աղջիկը՝ Լաուրան, 20 տարեկան է: Քանոնահարուհի է և ապագա իրավաբան, սեփական ուժերով է ընդունվել բուհ ու անվճար կսովորի: Լաուրայից մեկ տարով փոքր Շուշանիկը ևս երաժշտական կրթություն ունի՝ դաշնակահարուհի է: 9-րդ դասարանցի Սարգիսն էլ քույրերից ետ չի մնում երաժշտական տաղանդով, դհոլի դասարան է հաճախում: Երաժշտության ուրախ նոտաները, սակայն, չեն լրացնում դոմիկում անցկացրած մանկության մութ ստվերը:

Ու երբ բարերարները պարզում են նոր տան բանալին, բոլոր էմոցիանեը սառում են, միայն Լաուրան է լուռ արտասվում, մյուսները զարմանքից ու անսպասելիությունից քարացել են: Տեղի ունեցածը մինչև վերջ չեն գիտակցում անգամ նոր տանը: Շրջում են սենյակներով, կահավորված բնակարանի կենցաղային տեխնիկան ուսումնասիրում, պահարանների դարակները շոշափում, պատշգամբից դուրս նայում ու գլախտույտ զգում, չնայած երկրորդ հարկ է, բայց անսովոր բարձր է իրենց նկուղային դոմիկի համեմատ: Հետո բարերարները հեռանում ու թողնում ընտանիքին՝ մենակ համակերպվելու նոր ու լուսավոր իրականության հետ: