Հայտարարություն «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարելու մասին
Տեղադրվել է Հուլիս 23, 2018

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է մրցույթ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար:

Մրցույթի պայմանները և մրցութային հանձնաժողովի կազմը հաստատվել է Հանրապետության Նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից:

1. Գործադիր տնօրենը, հաշվետու լինելով հոգաբարձուների խորհրդին, գլխավորում է գործադիր վարչությունը և պետք է.

ա) համակարգի Հիմնադրամի գործադիր վարչության գործունեությունը և կապը Հիմնադրամի տեղական մարմինների հետ,
բ) ծրագրերի իրականացման, ֆինանսական խնդիրների վերաբերյալ տեղեկություններ տրամադրի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին և տեղական կառույցներին,
գ) համակարգի Հիմնադրամի գործունեության ծրագրի, տարեկան հաշվետվության, տարեկան բյուջեի և դրա կատարման հաշվետվության նախապատրաստումը, ներկայացնի այդ փաստաթղթերը հոգաբարձուներին,
դ) ապահովի Հիմնադրամի գործունեության թափանցիկությունը, հանրության տեղեկացվածությունը հիմնադրամի մասին,
ե) համակարգի Հիմնադրամի գործունեության մոնիտորինգը և գնահատումը,
զ) ապահովի Հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության իրականացումը,
է) կատարի և վերահսկի որոշ գնումներ,
ը) ապահովի հոգաբարձուների խորհրդի և դրա նախագահության նիստերի կազմակերպումն ու անցկացումը, այդ թվում` ապահովի հոգաբարձուների խորհրդի անդամներին տեղեկատվական նյութերով, որոշումների նախագծերով և վարի նիստերի արձանագրությունները,
թ) ապահովի Հիմնադրամի մասնակցային գործունեությունը` ստեղծելով և պահպանելով հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կառավարման մարմինների, հոգաբարձուների խորհրդի անդամների և տեղական մարմինների հետ,
ժ) համագործակցի և համակարգի համատեղ ծրագրեր այլ հիմնադրամների, նվիրատու կազմակերպությունների, Սփյուռքի կառույցների հետ,
ի) կատարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի, դրա նախագահության և նախագահի հանձնարարականները:

2. Գործադիր տնօրենը պետք է համապատասխանի որակավորման և փորձի հետևյալ պայմաններին`

ա) մագիստրոսի կամ դրան համարժեք կոչում տնտեսագիտության, հասարակական կամ գործարար կառավարման, միջազգային հարաբերությունների կամ հիմնադրամի գործունեությանն առնչվող այլ բնագավառում,
բ) միջազգային, արտասահմանյան կամ մասնավոր աղբյուրներից ֆինանսավորվող` զարգացման կամ շինարարության ոլորտի ծրագրերի իրականացման կամ միջազգային կազմակերպություններում կամ հարակից այլ աշխատանքի առնվազն 7 տարվա փորձ, որից առնվազն 3 տարին` ղեկավար պաշտոնում,
գ) կառավարման ակնհայտ ունակություններ, անձնակազմի ղեկավարման և թիմի կառուցման փորձ,
դ) արդյունավետ կապերի հաստատման և պահպանման ունակություն մի շարք կողմերի, ներառյալ` պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ՀԿ-ների, գործարար և միջազգային շրջանակների հետ,
ե) ճկունություն, պատասխանատու վերաբերմունք և նվազագույն վերահսկմամբ աշխատելու ունակություն,
զ) հայերեն և անգլերեն լեզուներով բանավոր և գրավոր ազատ հաղորդակցման ունակություն. այլ լեզուների իմացությունն առավելություն է,
է) համակարգչային ունակություններ:

3. Հայտը պետք է պարունակի`

ա) ուղեկցող նամակ (հայերեն և անգլերեն, առավելագույնը` 2 էջ), որտեղ նկարագրվում է, թե ինչպես է դիմողը պատկերացնում պաշտոնի բարդությունը (մարտահրավերները), և ինչպես են դիմողի փորձն ու կրթությունը թույլ տալիս հաղթահարել այդ բարդությունը (մարտահրավերները),
բ) ինքնակենսագրություն (հայերեն և անգլերեն), որը բացահայտում է դիմողի որակավորումը և փորձը,
գ) անձնագրի պատճեն,
դ) բարձրագույն (հետբուհական) կրթության մասին փաստաթղթերի (վկայագիր և ներդիր)` սահմանված կարգով վավերացված պատճեններ (ներկայացվում է ըստ պահանջի),
ե) երեք երաշխավորագրեր (նախընտրելի է մասնագիտական)
զ) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող փաստաթղթեր (հոդվածներ և այլն) - ներկայացվում են առկայության դեպքում:

Հայտերը ներկայացվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության. e-mail: aida@himnadram.org, հեռախոս՝ +37410 521505+106:

Հայտերն ընդունվում են 2018թ. օգոստոսի 1-ից մինչև 2018թ. օգոստոսի 31-ը, աշխատանքային օրերին` ժամը 10:00-17:00, ընդմիջում` 13:00-14:00:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն,

Հասցե՝ 0010, Երևան, Հայաստանի Հանրապետության, Կառավարական 3-րդ մասնաշենք, 2-րդ հարկ