Քռասնի. փոքր գյուղի մեծ տատը
Տեղադրվել է Հուլիս 18, 2018

Էմմա տատին նստելու տեղ է գտել Քռասնիի նորակառույց համայնքային կենտրոնի սյան տակ ու հետևում է համագյուղացիների նախապատրաստություններին: Բոլորից շուտ եկել, բեմի կողքին տեղավորվել է: Ամերիկահայ Բաղդասարյան ընտանիքին են սպասում: ԱՄՆ-ի «Հայաստան հիմնադրամ» կազմակերպության բարերարների հովանավորությամբ է Ասկերանի շրջանի փոքր համայնքը մեծ նվեր ստացել. Քռասնիում համայնքային կենտրոնի բացման արարարողություն է:

«50 տարի է՝ ապրում եմ էս գյուղում, նման շենք չեմ տեսել, Քռասնիում էսքան սիրուն շինություն չի եղել», - ոգևորությամբ ասում է Էմմա տատին: Նոր տարածքը ուսումնասիրող ու վազվզող գյուղի փոքրերի պես երջանկացել է, ինքը չի կարող երկար քայլել, շրջել, զննել, կենտրոնի բակում որպես նստարան հարմարեցրած կոճղին է նստել, հեռվից է հետևում: «Վայ, մատաղ լինեմ, մեր Բակո՞ն էլ է եկել», - Արցախի նախագահը ու բարերար ընտանիքը նկատում են տատին, ժպտում ու անցնում, լուսանկարիչները մնում են. ձեռնափայտը թևի տակին, կոճղի վրա նստած 83-ամյա տատի ժպիտն ամենասիրուն կադրն է, որ աններելի է բաց թողնել:

Գյուղապետարանը, բուժեկտը, գրադարանը, հանդիսությունների սրահն իր մեջ ներառող բազմաֆունկցիոնալ կենտրոնի բացումը Հակոբ Բաղդասարյանի կնոջն է վերապահված. տիկին Հիլդան դողացող ձեռքով ու թաց աչքերով կտրում է իր և ամուսնու անունը կրող կենտրոնի կարմիր ժապավենը: Մեծ բարերարը չհասցրեց տեսնել Քռասնիի համայնքային կենտրոնը: Շենքի մանրակերտը նրա որդուն են նվիրում: Գևիկ Բաղդասարյանը խոստանում է` հանուն իր արցախցի պապի ու հոր հիշատակների, հանուն ոտքի կագնած, բայց դեռ օգնության կարիք ունեցող Արցախի հանրապետության իրենց մեծ ընտանիքի ներդրումը արցախյան հողում կշարունակվի, իսկ մակետը Բաղդասարյանների կրտսեր սերդի համար հուշ և հուշում կլինի Արցախը հզորացնելու պարտավորության մասին:

«Շատ լավ է ասում, շատ ապրեն, ի՜նչ ուժեղ մարդիկ են, որ էս տեսակ գործեր են անում: Ի՜նչ մեծ, սիրուն ընտանիք են», - աչքերը կկոցելով, լսողությունը լարած հեռվից ուշադիր հետևող Էմմա տատն է եզրահանգում: Ափսոս մենակ է, ափսոս իր թոռներն ու ծոռները այս կենտոնի բակում չեն վազվզում: Որդուն պատերազմն է խլել, աղջիկը Ստեփանակերտում է ապրում: Թոռներն ու ծոռները գալիս են, շաբաթվա մեջ մի օր իր կյանքը աղմուկով լցնում ու գնում: «Ամերիկայից եկած էս մեր բարեկամների պես». – կատակով ասում է մեծ տատը: Ու քանի Բաղդասարյանների գերդաստանի անդամները մեկ առ մեկ նկարվում են մեծ պապի` Հակոբ Բաղդասարյանի հուշատախտակի մոտ, հետո քռասնեցի դպրոցականներին բաժանում նաև նվեր բերած գրենական պիտույքները, քանի մեծ ընտանիքով հավաքվում ու լուսանկարվում են իրենց տատի ու պապի անունները մեծատառերով կրող համայնքային կենտրոնի ֆոնին, փոքրամարմին Էմմա տատը աննկատ հեռանում է. կիրակի է, թոռները երևի գան, իր տունն էլ մի քիչ աղմկի: