Երբ հեքիաթն իրականություն է դառնում. մանկապարտեզ Նորագյուղում
Հրապարակվել է Փետրվար 15, 2018

Լեռների ափի մեջ կորած հեքիաթային տուն կարծես լինի Նորագյուղի նորակառույց մանկապարտեզը: Հեքիաթներից ու մուլտֆիլմերից հերոսներն են առաջինը դիմավորում: Շենքի արտաքին տեսքի գույներն ուղղակի հիասքանչ են: Հետո հիասքանչ ժպիտով դիմավորում է տիկին Լիլյան:

Մինչև կբարձրանանք երկրորդ հարկ, տնօրենը շտապում է տեղեկացնել` երկհարկանի մանկապարտեզը շուտով Նորագյուղի համար քիչ կլինի: «Երեխաների թիվն ամեն ամիս աճում է: Ծնելիությունն ավելանում է, բայց ավելի շատ պայմանավորված է ծնողների վստահության հետ: Նոր կուլտուրա է. նախկինում մեր գյուղում մանկապարտեզ չի եղել: Հիմա 2 տարեկանից բերում են մեզ մոտ: Հարևան համայնքներից էլ հաճախող երեխաներ ունենք», - նշում է Լիլյա Գալստյանը:

Համայնքում նախակրթարան գործել է մինչև 90-ականները: Պատերազմի ժամանակ հրդեհվել է, դրանից հետո Նորագյուղի երեխաները մեծացել են` չիմանալով՝ ինչ է մանկապարտեզը: Բայց «Հայաստան» համահայկական հիմնադրամի արգենտինահայ բարերար Հովսեփ Թահթան որոշեց փոխել Նորագյուղի փոքրիկների առօրյան:

«Փող ունենալ կարող են շատերը, բայց ուրիշին տրամադրել` շատ քչերը», - ընդգծում է տիկին Լիլյան: Թահթա ընտանիքը կրթօջախներ Արցախում կառուցում է վաղուց: Առաջինը 1996-ին բացված Վաղուհասի դպրոցն էր, որը տարիների ընթացքում վերածվեց մանկապարտեզի` երեխաների թվի աճով պայմանավորված, իսկ Հիմնադրամը համայնքում նոր դպրոց կառուցեց:

Լիլյա Գալստյանը 22 տարի Նորագյուղ դպրոցում պատմություն է դասավանդել: Մանկապարտեզը տնօրինելու պարտականությունն ընդունեց պատասխանատվությամբ. - «Բայց չէի պատկերացնի, որ սկզբում այդքան դժվար կլինի: Ամեն ինչ նոր էր. թղթաբանությունն` անծանոթ, աշխատողները` անփորձ, երեխաները շատ էին ու անդադար լացում էին: Քիչ էր մնում հանձնվեի, բայց կարողացանք ամեն բան հունի մեջ գցել»: Նոր մանկապարտեզը Նորագյուղում 25 նոր աշխատատեղ է ապահովել: Դաստիարականերին ընտրել են մրցութային կարգով, քննություն են հանձնել բոլորն էլ, ու բոլորն էլ տեղացի են:

Տիկին Արմինեն նախադպրոցական տարիքի երեխաների հետ աշխատելու փորձ ունի: Նախկինում ունեցել են 5-6 տարեկանների խմբակ: Գործել է բուժկետի տարածքում: Անմխիթար շենքային պայմանները, անհարմարությունները հիմա այս գույների մեջ թվում է վատ երազ է եղել. - «Երեխաներին հազիվ մինչև ցերեկը ժամը 3-ն էինք պահում: Միայն նախաճաշ էինք կարողանում տալ: Ոչ մի նորմալ պայման չկար, պատկերացրեք, անգամ աթոռ չունեինք»: Տիկին Արմինեն շարունակում է իր 26 հոգանոց խումբը ղեկավարել արդեն նոր ու գեղեցիկ դասասենյակում:

Հաստատությունը նախատեսված է 4 խմբի` մոտ 100 երեխայի համար և ունի ժամանակակից չափանիշներին համապատասխան հարմարություններ: Նորագյուղն Արցախի զարգացող համայնքներից է, հենց այդ է պատճառը, որ նախագիծը փոխվել է երկու անգամ. առաջին հարկին գումարվել է 2-րդը` հաշվի առնելով երեխաների թվի աճը:

Լուսանկարներն` այստեղ

Հեղինակ` Անի Հակոբյան