Դադիվանք` վերածնվող հոգևոր վեհություն
Հրապարակվել է Փետրվար 08, 2018

Գմբեթները հեռվից են երևում, մի քանի րոպեից մեքենան կանգնում է վանական համալիր մոտ: Մի քանի տարի առաջ այդքան հեշտությամբ Դադիվանք անհնար էր հասնել: «Ճանապարհը փոխեց ամեն ինչ», - ասում է Գրետան ու պատմում, որ նախկինում մարդիկ ստիպված էին ոտքով հաղթահարել երկար բարձունքը: Նախկինում վանական համալիր տանող ճանապարհը քարքարոտ էր, անհարմար: Դադիվանքի ուղին հեշատացավ ու հարմարավետ դարձավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կառուցած Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու բացումից հետո: Արցախ տանող ճանապարհն անցնում է Քարվաճառի շրջանով, որտեղ էլ տեղակայված է վանական համալիրը։ Բարեկարգվել է նաև դեպի վանք տանող ճանապարհը։

«2017-ի աշնանից այստեղ եմ աշխատում, համատեղում եմ ուսման հետ: Անհրաժեշտ էր գործը», - Գրետան հեռակայի ուսանող է, եթե դասի չէ, Դադիվանքի հուշանվերների խանութում է, վաճառողուհին է: Աշխատատեղը նոր է բացվել, - «Այս կես տարվա ընթացքում անհամեմատ աշխուժացել է մեր բնակավայրը, մարդկանց հոսքը շատացել է»:

Դադիվանքը Արցախի տուրիստական քարտեզի must see վայրերից է: Զբոսաշրջային ակտիվության համար, սակայն, վանքի գեղեցկությունը միայն բավարար չէ: Այդ պատճառով Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամը նախաձեռնեց վանական համալիրում պետքարանների կառուցումը, նաև նորոգում է մուտքի կամարը: Արգենտինահայերի հովանավորությամբ նման զուգարաններ են գործում նաև Ամարաս և Ղազանչեցոց վանական համալիրների հարևանությամբ:

«Ես ընդհանրապես չեմ ամաչում, որ զուգարան մաքրող եմ: Ինչ է` ավելի լավ կլիներ մուրացկանությո՞ւն անեի թոռներիս պահելու համար: Չէ, գործ կա, ու իմ աշխատանքին պատասխանատվությամբ եմ մոտենում: Որպես այդպիսին աշխատավարձ չեմ ստանում: Այցելուների 100-ական դրամներն ինձ են մնում, ես էլ փորձում եմ զուգարանները մաքուր պահել, անհրաժեշտ պարագներն այդ գումարով եմ գնում» - պատմում է տիկին Ռիման: Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի բացումից հետո Դադիվանքում էլ ավելացան նոր աշխատատեղեր: Նախկինում մոմավաճառը, հավաքարարը, պահակը նույն մարդն էր, հիմա մոտ մեկ տասնյակ աշխատողներ կան: Դադիվանքի վերածննդի հետ միաժամանակ վերաբնակեցվում է մոտակա գյուղը: Մոտ հարյուր մարդ է ապրում այստեղ, բնակավայրը մի քանի տարի առաջ գրեթե դատարկ էր:

Ծանոթագրություն. Դադիվանքը հիմնադրվել է 1-ին դարում Քրիստոնեությունը քարոզելու համար նահատակված Դադիի մասունքների վրա։ 5-րդ դարից Դադիվանքը հիշատակվում է որպես եպիսկոպոսանիստ, իսկ համալիրի պահպանված կառույցները 9-13-րդ դարերի են: Վանական համալիրը ներառում է 2 ժամատուն, 4 եկեղեցի, միաբանական խցեր, գործատուն, գրատուն, և այլն։ Դադիվանքը նաև Խութավանք են անվանում բլրակի՝ խութի վրա կառուցված լինելու համար: Դադիվանքն ազատագրվել է 1993 թվականի մարտի 31-ին: