Առաջին քայլերը դեպի բերքառատ Արցախ
Հրապարակվել է Փետրվար 01, 2018

Արդեն սկսվել են Արցախն ավելի բերքառատ դարձնելու աշխատանքները: Հեռուստամարաթոն 2017-ից ստացված գումարով «Հայաստան» համահայկական հիմնադրամը երկու խոշոր ծրագիր է իրագործում հայկական երկրորդ հանրապետությունում. իրականացվելու է խորքային հորերի հորատում ու նոր ոռոգման ցանցի կառուցում, նաև Արցախում տեղակայվելու են արևային էներգետիկ կայաններ:

Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի մոտ ընթանում են խորքային հորի հորատման առաջին աշխատանքները։ Մոտ 6 ամսից ամբողջովին փոխված կլինի ոռոգման համակարգը՝ անխափան ջրամատակարարում ապահովելով շրջակա հողատարածքների համար։ Այս պահին հորատման աշխատանքներ են սկսվել Արցախի ևս 6 համայնքներում, աստիճանաբար ծրագրում կներառվեն նաև այլ գյուղեր։ Նախատեսված է, որ յուրաքանչյուր խորքային հորի միջոցով ոռոգվելու է 15-25 հա: Ջրի խնդրի պատճառով այժմ Արցախում օգտագործվում է գյուղատնտեսական նշանակության հողերի ընդամենը 7 տոկոսը։

Ոռոգման ժամանակակից համակարգի ստեղծումը նոր որակ կհաղորդի Արցախի պարենային անվտանգության բարձր մակարդակի ապահովմանը, գյուղատնտեսության զարգացմանը, կնպաստի գյուղական բնակչության բարեկեցության մակարդակի բարձրացմանը, մշտական ու երաշխավորված աշխատատեղեր կապահովի շրջաններում:

Ինչ վերաբերում է արևային էներգիայի օգտագործմանը` առաջին փուլով ընտրվել են Ասկերանի և Շուշիի շրջանները: Ըստ ծրագրի` համայնքային նշանակության բոլոր շենքերում նախատեսված է տեղադրել ֆոտովոլտային ցանցային կայաններ, որոնք հնարավորություն կտան օգտագործել էկոլոգիապես մաքուր արևային էներգիան: Ծրագրում ներառված բոլոր դպրոցները, մանկապարտեզներն ու գյուղապետարաններն այդպիսով անցնելու են արևային էներգիայով սնուցման, բացի այդ, բնակիչների համար տեղադրվելու են արևային ջրատաքացուցիչներ: