Անտառը չեն կտրում, գազի թանկությունից չեն բողոքոմ. Խաշթառակում 50 ընտանիք արևային ջրատաքացուցիչ ունի
Հրապարակվել է Հունվար 30, 2018

Երբևէ տեսե՞լ եք իտալական Cinque Terre-ն, դե գոնե նկարով: Ժայռի վրայից ծովին նայող այն գյուղը, որի տները մեկը մյուսի վրա են կառուցված, գունավոր աստիճան կարծես լինի, հատկապես` երեկոյան:

Իսկ հիմա պատկերացրեք հայկական Խաշթառակը: Ծովի փոխարեն տավուշյան անտառներն են: Ճիշտ է` Խաշթառակի տները իտալական գույներ չունեն, բայց դրանց արծաթե փայլն անհնար է չնկատել: Խաշթառակի կտուրներին արևային ջրատաքացուցիչներն են այդպես շողում: Մշտապես զով ու տեղումնառատ Տավուշում այլընտրանքային էներգիա են օգտագործում:

« Ջրի ջերմաստիճանը բակում 51º C է, ու սա դեռ հունվարին», - Վարդգես Մատինյանը ջրատաքացուցիչի թվերն է ստուգում, - «պատկերացնո՞ւմ եք` ավելի տաք եղանակին ինչքան տաք ջուր կունենանք»: Մատինյանների կտուրին սոլյար ջրատաքացուցիչը մի քանի ամիս է, ինչ կլանում է տավուշյան արևի էներգիան ու արդեն նշանակալի ազդեցություն ունի ընտանիքի բյուջեի վրա: «Գազի ու էլեկտրաէներգիայի ամսական վարձավճարը բավականին նվազել է: Գյուղերում ամեն հազար դրամի խնայողությունն էլ նշանակություն ունի», ընդգծում է ընտանիքի հայրը: Տանը 6 հոգով են ապրում, արևով տաքացված ջուրն օգտագործում են կենցաղում. - « Լոգանքի, լվացքի, խոհանոցի համար մի բան էլ շատ է»:

Մատինյանները Խաշթառակում 50 ընտանիքներից մեկն են, որ օգտագործում են արևային ջրատաքացուցիչներ: Տավուշի մարզում արևի ինտենսիվությունը կազմում է տարեկան ավելի քան 1500 կՎտ ժամ 1մ2 մակերեսի վրա, ինչը 1.5 անգամ ավելին է, քան Եվրոպայում։ Հենց այս անգնահատելի բնական ռեսուրսը նկատի ունենալով` «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը crowdfunding նախաձեռնեց: Նվիրատուների թվում էին ոչ միայն ֆրանսահայերը, նաև ֆրանսիացիներ, այլազգիներ: Հավաքված 70 հազար եվրոյով Խաշթառակի 50 տանը տեղադրվեցին արևային ջրատաքացուցիչ համակարգեր:

«Գազը թանկ է, ստիպված անտառից ծառ էինք կտրում, փայտ վառում: Հիմա բնությանը վնաս տալու փոխարեն, բնական բարիքից կօգտվենք», - ասում է Մատինյանների տան մեծը: Գերասիմ պապը 87 տարեկան է: Այն , որ աշխարհն անցնում է այլընտրանքային էներգիայի սպառման, վաղուց գիտի, օտար «սոլյար» բառն էլ խորթ չի հնչում տավուշյան բարբառում: «Մեր պապին հեռուստացույցի վահանակը ձեռքից ցած չի դնում: Մեզնից լավ գիտի` աշխարհում ինչ նորարարություններ են կատարվում», - պատմում է հարսը: Խաշթառակի ստատիստն է Գերասիմ պապին. - «Մեր գյուղը 570 տնտեսություն ունի: Մնացին էն 520-ը արևով լողանան»:

Արևային ջրատաքացուցիչը Մատինյաններին ոչ միայն խնայողություն է բերել, նաև աշխատանք` տան երիտասարդներից մեկին: Վարդգես Մատինյանի կրտսեր որդին դրանք տեղադրող վարպետներից է:

Խաշթառակի արևն էր հավանաբար զգացել, անտառների կանաչով հիացել ու «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի սցենարը գրել Հրանտ Մաթևոսյանը, Հենրիկ Մալյանն էլ այդ ամենը կինոժապավենի վրա անցկացրել, իրենք էլ Հայֆիլմի կինոստուդիա դարձած իրենց գյուղը կոչել էին «հայկական Հոլիվուդ»: Հիմա այստեղ ասում են` «մենք ենք, մեր սարերը, մեր արևը»: