Դեպի ՏՏ ապագա. ոլորտի մասնագետներին պետք է պատրաստել դպրոցից
Հրապարակվել է Հունվար 24, 2018

Աշխարհը հիմա առավելապես ձևավորվում է արհեստական բանականության, ռոբոտատեխնիկայի, մեքենայական ուսուցման, «մեծ տվյալների» և տվյալների վերլուծության միջոցով. պնդում է առաջնորդության հարցերի աշխարհում շատ հայտնի փորձագետ Մարկ Սթրոմը:

«Ռոբոտ էինք սարքել ու քշում էինք դպրոցում», - հպարտությամբ պատմում են Սթրոմի նկարագրած աշխարհից անտեղյակ ու հեռու Վայոց Ձորի մարզի Մալիշկա համայնքի դպրոցականները: Ռոբոտաշինության խմբակը գործում է Մալիշկայի 1-ին հիմնական դպրոցում: Հայաստանի խոշոր գյուղերից է, որն ունի 2 դպրոց: 2-րդը ռուսական թեքումով է:

«Նարեկը հեսա կգա, կպատմի: Ինքն է հիմնականում լավ հասկանում համակարգչից», - ներողամիտ նշում է ինֆորմատիկայի ուսուցչուհին: Անահիտ Շահբազյանն ինքն էլ համեմատաբար նոր է հմտացել առարկայում, որը դասավանդում է: Մինչև 2017-ի ամառ «Ինֆորմատիկա» սովորում, սովորեցնում էր տեսականորեն, դասագրքով: «Առանց համակարգիչների համակարգչի մասին ինչ էլ պատմես, դժվար է երեխաներին ընկալել: Այս նվիարտվությունը օդ ու ջրի պես պետք էր մեզ», - ասում է տիկին Շահբազյանը:

Ոչ միայն Մալիշկան, Վայոց ձորի մարզի բոլոր 50 դպրոցները նոր համակարգիչներով և տպիչներով հագեցած դասասենյակներ ունեն: Ծրագիրն իրագործվել է Հնդկաստանի և Հայաստանի կառավարությունների և «Հայաստան» համահայկական հիմնադրամի համագործակցության շնորհիվ: 2009-ից Հնդկաստանի կառավարությունը միջոցներ է հատկացնում Հայաստանի տարբեր մարզերի դպրոցներին: Հնդկական կառավարության ֆինանսավորմամբ Հիմնադրամը 2012-ին էլ համակարգիչներով ապահովել է Տավուշի մարզի 72 դպրոցներ:

«Պրիմիտիվ բան էր, էնքան, որ քշվում էր, շատ բան չէինք կարող անել, քանի որ մասեր էին պակաս», -Նարեկն արդեն դասասենյակում է, ասում են՝ ամբողջ Մալիշկայի համակարգչային գուրուն է: Դպրոցական ծրագրում Word, Exel, Pain, Power Point են անցնում, Նարեկը ավելին գիտի՝ Photoshop-ի է տիրապետում: Մարզային հեռավոր դպրոցներում դա իրո՛ք մեծ գիտելիք է: «Համակարգիչներ տանը ոչ բոլորն ունեն: Երեխաներ կան, որոնց համար Word document բացել, խմբագրել, փակելը բարդ առաջադրանք է», - նշում է ինֆորմատիկայի ուսուցչուհին:

«Երբ գնամ Երևան, համակարգչով ինչ-որ գործ պետք է անեմ: Ուզում եմ շատ լավ իմանալ ամեն ինչ», - 16-ամյա Լիանան երևանյան ուսումնական տարիներն ու Ոստիկանությունում աշխատանքն է արդեն պլանավորում: Հայրիկն է ոստիկան, աղջիկն էլ ուզում է նույն հետքերով գնալ: Նա էլ Մալիշկայի 2-րդ՝ ռուսական թեքումով դպրոցից է: Այստեղ էլ էլեկտրոնային գրատախտակով, տպիչով ու նոր համակարգիչներով հագեցած սենյակում ավագ դասարանցիներն են Power Point ներկայացնում:

Ճանապարհը դեպի ապագա սկսվում է այսպիսի պարզ քայլերից ու այստեղից՝ հեռավոր համայնքների դպրոցական նստարանից: ՏՏ-ն տնտեսության գերակա ճյուղ հայտարարած Հայաստանում ոլորտի ապագա մասնագետներին պետք է պատրաստել դեռ դպրոցից: Պետք է հաշվել ոչ թե «քանի աշակերտ կարող է օգտվել մեկ համակարգչից», այլ ընդհակառակը, թե «քանի համակարգիչ է բաժին ընկնում մեկ աշակերտին»: Ոչ պակաս կարևոր է նաև դպրոցների ուսուցիչների պատշաճ վերապատրաստումը: Հենց այս սկբունքով է «Հայաստան» համահայկական հիմնադրամը առաջնորդվում՝ կյանքի կոչելով կրթական նման խոշոր ծրագրեր: Ընդհանուր առմամբ՝ Վայոց Ձորում մոտ 7000 երեխա այս ուսումնական տարվա սկզբից սովորում և աշխատում են համակարգչային տարբեր ծրագրերով: