Դո, ռե, մի․․․ Չայկովսկու երաժշտական դպրոցում լսվում են նոր դաշնամուրների հնչյունները
Հրապարակվել է Դեկտեմբեր 05, 2017

- Ուշադի՛ր կլինես ճանապարհին, փոքրիկս: Սոլֆեջոյի առաջադրանքդ մայրիկիդ ցույց կտաս, Գագիկ:

Տղան շտապ- շտապ ուսապարկն է ուղղում: Մտքով արդեն տանը, կես ոտքով էլ դրսում է: Զառա Վարդանյանի հանձնարարությունը 6-ամյա փոքրիկն արդեն միջանցքում է լսում:

- Ահա, տուն կգնա, կխաղա, ես էլ երեկոյան կմտածեմ՝ դասն ինչպե՞ս անցավ այսօր, ի՞նչը ստացվեց, ի՞նչը չստացվեց, ինչո՞ւ : Հանգիստ չկա, որովհետև սա է մեր կյանքը: Միտքը, հոգին ամբողջությամբ երաժշտության մեջ է: Դրանից լավ բան աշխարհում երևի թե գոյություն չունի:

Այսպես է բոլոր աշակերտների հետ:

- Տիկին Վարդանյան,

- Զառա Ռոբերտովնա, այստեղ ինձ անհիշելի ժամանակներից այդպես գիտեն, - հարցս ընդհատում է և ժպտալով ուղղում: Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում է աշակերտական տարիքից: Այսօր երաժշտական գծով փոխտնօրենն է:

- Այս շենքից դուրս եմ եկել միայն Կոնսերվատորիայում սովորելու համար:

Հետո վերադարձել է: Վերադարձել է՝ կրթելու դաշնակահարների մի քանի սերունդ: Դափնեկիր սաների անունները չի ցանկանում թվել. որի՞ն առանձնացնի, իսկ, եթե մեկին մոռանա՞:

Այս ընթացքում դաշնամուրի առաջ կամացուկ տեղավորվել է Աննան: 11-րդ դասարանի աշակերտուհին արտաժամյա է պարապում Զառա Ռոբերտովնայի մոտ: Մրցումների են պատրաստվում:

- Սկսե՞նք Բախից:

Ու դասասենյակում «պայթում» են Բախի հաղթական նոտաները: Տոկատ և ֆուգա ռե մինոր (BWV 565)-ն է, Բախի 1000-ից ավելի ստեղծագործություններից մեկը, հենց ա՛յն վիճահարույցը:

- Հիշում ես, չէ՞, չե՛նք շփոթում Տոկատ և ֆուգա ռե մինոր (BWV 538)-ի հետ:

Հետո Զառա Ռոբերտովնան պատմում է, որ երաժշտագետները դեռ ընդհանուր հայտարարի չեն գալիս, ի վերջո, այն գրել է Բա՞խը, թե՞ 1981-ին Պիտեր Ուիլյամսը: Ինչևէ: Աննան շարունակում է նվագել: Դաշնամուրը թարմ է, նոտաները հնչում են «սովորականից» ավելի պարզ, հստակ: Այսպիսի դաշնամուրներ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում 33-ն են: «Հայաստան» համահայկական հիմնադրամի նվերն է:

- Հիմա զարմանում ենք, երբ մեր երեխաները նվագում են: Առաջ լարից ընկած, տասնամյակների հնության դաշնամուրների վրա նրանց ունակությունները չէր երևում, մեր աշխատանքն էլ: Եթե բեմը լավը չէ, պարուհին ինչպե՞ս կպարի: Հասկանո՞ւմ եք: Եվ բացի լարից ընկենելուց, սեղմակի աշխատելուց, կարևոր է նաև ստեղների շոշափումը՝ ամեն մատն ինչպես է նոտան վերցնում: Եթե վատն է ստեղնաշարը, երեխան ջանք է գործադրում, դա արդեն սխալ է, - նշում է Զառա Ռոբերտովնան ու շարունակում Աննային ուղղել:

Հին դաշնամուրների մասին «Հայաստան» համահայկական հիմնադրամի շնորհիվ հիմնանորոգված Չայկովսկու դպրոցում մոռացել են: Առաջին և երկրորդ հարկերի դասարաններում են տեղադրված նորերը: Սոլֆեջոյի և հարմոնիայի դասաժամերի համար իտալացի Բարդոլոմեո Քրիստոֆորի ստեղծած գործիքը՝ դաշնամուրը «կենսական» անհրաժեշտություն է:

Զանգը հնչում է, Աննա Մակարյանի դասարանում տեղավորվում են 10-րդ դասարանցիները: Երաժշտական թելադրության օր է:

- Ակորդները, նոտաների հաջորդականությունը առաջ դժվարությամբ էին տարբերումաշակերտները: Չէ՞, որ դաշնամուրը սոլֆեջոյի հիմքն է,- ասում է տիկին Աննան ու մատները սահում են սև-սպիտակ ստեղնաշարի վրայով: - Այս գործը Դուսյա Հայրապետյանն է գրել, մերբաժնի վարիչը: Հատուկ թելադրության համար է:

Մեղմ, բարության զգացում փոխանցող երաժշտություն է, որի նոտաները հատ առ հատ հայտնվում են աշակերտական տետրերում: Մերին առաջինն է ավարտում թելադրությունը: Արդյունքը գերազանց է: Դաշնամուրային նոտաները աղջկա հետ են մանկուց: Տատիկն ու մայրն են դաշնակահար եղել:

- Երբ փոքր էի, չէի սիրում: Ընդհանրապես, դաշնամուրի հետ չէի ուզում գործ ունենալ: Պարի էի հաճախում: Մայրիկի խորհրդով՝ դաշնամուրը չբացառեցի իմ կյանքից: Ու դա ճիշտ որոշում էր: Հիմա չեմ պատկերացնում ինձ առանց երաժշտության, թեպետ պարից էլ չեմ հրաժարվել, - պատմում է Մերի Մխիթարյանը: Դաշնամուրի մոտ է անգամ դասերն ավարտելուց հետո: Գյումրիի «Վերածնունդ» միջազգային մրցույթին է պատրաստվում: Երկու անգամ 4-րդ տեղն է զբաղեցրել: Տրիումֆն առջևում է,

- Այս անգամ հաստա՛տ պետք է ստացվի: Հատկապես, որ այսպիսի պայմաններ կան պարապելու և ավելի լավ պատրաստվելու համար:

Ու այսպես Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի դասարաններում նոր դաշանամուրների առաջ Մերիի պես տասնյակ ապագա տրիումֆատորներ են նոտաներին տալիս իրենց անհատականությունը: