Իջևանում անհամբեր սպասում են նոր մանկապարտեզի շինարարության ավարտին
Հրապարակվել է Դեկտեմբեր 11, 2017

«Ես էս կողմերից չեմ, աղջիկ ջան, բայց շատ եմ սիրել Տավուշի մարզը: Էս մեր Իջևանը համա թե սիրուն քաղաք է», - ասում է ու թղթապանակը բացում: Իջևանն ավելի է գեղեցկանալու, երբ ձեռքի գծագիրը շինություն դառնա: Ստեփան Քոլյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ կառուցվող մանկապարտեզի շինարարության աշղեկն է:

«Էս, որ կանգնած ենք, գլխավոր մուտքն է, աջից էլ բալկոնն է լինելու», - չորսբոլորը դեռ արմատուրաներ, ցեմենտ ու քար է, բայց պարոն Ստեփանն արդեն սենյակներ, միջանցքներ ու անգամ ամֆիթատրոն է տեսնում.- «Ծածկ չի լինելու, բաց ամֆիթատրոն ենք կառուցում: Վերևից երեխաները կհետևեն»:

Երեխաները վերևից հիմա էլ են հետևում: Իջևանի N 8 մանկապարտեզը նոր կառուցվողի կողքին է գտնվում: Կիսախարխուլ ու վթարային վիճակում է: «Հայաստան» համահայակական հիմնադրամի մասնագետների դիագնոստիկան միանշանակ էր` երեք հարկանի շենքը ենթակա չէր նորոգման, նորի կառուցումն էլ հրատապ էր: ԱՄՆ-ում գործող «Հայաստան հիմնադրամ» կազմակերպության բարերարներ Ռեյմընդ և Անի Հարթունյանները, Գրիշա Սուքիասյանն ու Սոնիկ Արթունյանը, տեղեկանալով մանկապարտեզի անբարեկարգ վիճակի մասին, ցանկություն էին հայտնել հովանավորելու նոր մանկապարտեզի կառուցումը:

«Շատ ժամանակակից մանկապարտեզ է լինելու», - վստահեցնում է պարոն Ստեփանն ու շինարարներին նոր առաջադրանք տալիս: Պատուհանների ամրակներն են չափում: «Շինարարի համար մանկապարտեզ, դպրոց կառուցելը ուրիշ է, խանութ սարքել չի, է: Մանկապարտեզը մեր ապագան է, ազգի ապագան է»:

Շինհրապարակում երիտասարդներ էլ են աշխատում, տարիքով տղամարդիկ էլ: Հավելյալ աշխատուժի պակաս չեն զգում, հարևան շենքերից նաև կամավորներ են գալիս, օգնում: Մեկի երեխան է մանկապարտեզ հաճախում, մյուսի` թոռը: Այսպես ամբողջ թաղամասն ու քաղաքն է անհամբեր սպասում Իջևանի նորակառույց մանկապարտեզին շինարարության ավարտին:

Տիկին Խանումն օր չի լինում, որ փոքրիկ Մարկի ձեռքը բռնած, այս կողմերով անցնելիս չկանգնի, հարցուփորձ չանի` ո՞ւր հասան, ե՞րբ կավարտեն, ինչո՞վ օգնի: «Մարկս ասում է` մեծանամ մանկապարտեզ եմ գնալու, հետո դպրոց, հետո բանակ», - Խանում Ղազումյանի խոսքը հայտարարության պես է հնչում` տատիկներին հատուկ հպարտ շեշտադրությամբ:

Իջևանի նոր մանկապարտեզը Մարկի ու մյուս փոքրիկների համար պատրաստ կլինի 2018-ի դեկտեմբերին: Այն «Հայաստան» համահայկական հիմնադրամի 25-ամյա պատմության մեջ ամենախոշոր նմանօրինակ կառույցն է: