Նրանք հաղթահարել են «երբեք»-ը. մի օր Երևանի N8 հատուկ դպրոցում
Հրապարակվել է Դեկտեմբեր 15, 2017

«Երբեք». մեծերը սիրում են այս տեսակ հիմար բառեր: «Երբեք»-ը չափազանց երկարատև բառ է 8-րդ հատուկ դպրոցի խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների համար: «Երբեք չի խոսի», «Երբեք այսինչ բանը չի անի», «Երբեք…». նրանք հաղթահարել են «երբեքը»:

«Ավելի լավ է մտածենք, որ մենք ուժեղ ենք…», - Աննան գերկենտրոնացած է, խոսքը սահուն է, ձեռքին իր կարած շրջազգեստն է: Կարուձևի դասասենյակում ենք, լսվում է կարի մեքենաների աշխատանքի ցածր, միալար բվվոցը: Կարի մեքենաները նոր են, էլեկտրական: Առհասարակ, դասասենյակ-արհեստանոցն է նոր դպրոցում` իր կահավորանքով ու պարագաներով: «Հայաստան» համահայկական հիմնադրամի նվիրատվությամբ է բացվել:

_ Ի՜նչ սիրուն է: Դո՞ւ ես կարել, Աննա ջան:

_ Ընկեր Սիրականյանն ու ընկեր Գրիգորյանն են օգնել: Աշնան հանդեսի համար էր: Տես, բա տերևները ի՜նչ սիրուն են: Ես եմ ամրացրել:

Առաջին դասարանից է այստեղ, արդեն 10 տարեկան է: Երկուշաբթիից ուրբաթ երեխաները մնում են կրթահամալիրում, հանգստյան օրերին շատերը վերադառնում են ընտանիքներ: Դասասենյակներից ամենասիրելին հենց կարուձևինն է, որտեղ տղաներն ավելի ակտիվ են, աղջիկները` խորհրդատուի դերում: Այստեղ գիտեն, որ մեկը մյուսով են ուժեղ:

Այս պատերից դուրս կյանքն է ծավալվում, որից նրանք առ ժամանակ պաշտպանված են, բայց և պատրաստ են դրան մեծերից էլ լավ: Օրինակ, այս դասասենյակում հմտանում են կարելու արհեստում: Ու երբ նրանց և կյանքի միջև մաքրվի բաժանարար գիծը, նրանք պատրաստ կլինեն ինքնուրույնությանը:

«Մի օր մենք կմեծանանք ու…», - խոսքը կիսատ է մնում ֆոտոխցիկին ժպտալու համար: Ասում են` ժպիտը լույս է, ոչ բոլորի, բայց շատերինը: Աննայի ժպիտն էլ լուսաշող է, հույսով, հավատով լի, որից անհնար է չվարակվել. - «Ու ես որոշել եմ` երգչուհի եմ դառնալու: Մի գաղտնիք ասե՞մ: Երգեր եմ հորինում: Սևագիր տետր ունեմ, գրի եմ առնում: Երբ մենակ եմ լինում սենյակում, երգում եմ: Կուզե՞ս լսել»:

Թեպետ մենակ չենք, բայց Աննան երգում է շատ ցածր, այնպես, որ արհեստանոցում ոչ ոք գլխի էլ չի ընկնում, չի լսում աղջկա ձայնը: Երգում է ինքն իր համար, մյուսները շարունակում են չափել, կտրել, կարել: Յուրաքանչյուրն իր մոլորակում է, որտեղ կան գույներ, շատ գույներ, ու որտեղ ոչ ոք չի օգտագործում «երբեք չի կարող…» արտահայտությունը:

Աննան երգում է դպրոցի մասին, որի պատուհանից դուրս աշնան քամին պարում է տերևների հետ, մինչև ջրափոսը կնետի ու այդպես կավարտվի ամեն ինչ. - «Բայց, եթե չստացվի, գեղեցիկ զգեստներ կկարեմ, բեմական զգեստներ երգչուհիների, պարուհիների համար: Այ, պարուհի էլ կուզեի լինել… »: