Խաչարձանն ու իր արգենտինահայ բարեկամները
Հրապարակվել է Դեկտեմբեր 18, 2017

Հավով ապուրի բույրը Խաչարձանի դպրոցի մուտքից է գերում: «Տիկին Սիրանն այնտեղ հրաշքներ է գործում», - կռահելով սպասվելիք հարցս` պատասխանում է մուտքի մոտ դիմավորող պահակը: Ուղեկցել պետք չէ: Անուշ բույրով էլ հեշտությամբ կարելի է գտնել տիկին Սիրանի «թագավորությունը»: Տարրական դասարանների աշակերտներն են ճաշում: «Կողքի գյուղերի բնակիչները, գիտե՞ս` ոնց են մեզ նախանձում», - հպարտությամբ պատմում է Խաչարձանի դպրոցի խոհարար Սիրան Պետրոսյանը, - «Հիմա Հայաստանում քանի՞ էսպիսի դպրոց կտեսնեք, նորոգված, կահավորված»:

Տավուշի մարզի Խաչարձան համայնքն իր դպրոցով հպարտանում է արդեն մի քանի տարի: Կրթօջախը հիմնանորոգել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը արգենտինահայ Կալչիյան ընտանիքի հովանավորությամբ: «Խոհանոց առաջ էլ ունեինք: Առաջինից չորրորդ դասարանի աշակերտների համար էինք հազիվ կարողանում մի բան պատրաստել: Պայմաններ չկային՝ մի դասարան էինք առանձնացրել, օգտագործում էինք որպես խոհանոց: Բացի այդ նյութական միջոցներ չունեինք լավ ճաշացանկի համար: Հիմա խոհանոցը խոհանոցի է նման, գազօջախ կա, լվացարան, մի խոսքով՝ ամեն հարմարություն սիրով ու հաճույքով աշխատելու համար: Մսով ապուրներ, աղցաններ, քաղցրավենիք՝ ամեն ինչ էլ պատրաստում եմ երեխաներիս համար», - պատմում է տիկին Սիրանն ու երկրորդ չափաբաժին աղցանն ավելացնում երկրորդ դասարանցիներին ափսեները, - «Հապա, նայի քանի թոռ ունեմ: Ասում են՝ էդքան երեխու համար ո՞նց ես հասցնում ամեն առավոտ ճաշ պատրաստես: Սիրում եմ, հասցնում եմ: Առհասարակ, ինչ անում ես, պիտի սիրելով անես, թե չէ ում ա պետք անհավես արած գործը: Մեր գյուղի երեխեքը լույս են, աղջիկ ջան, էնքան խելոք, խելացի: Ինչ իմանամ՝ կարող է պատահի ապագա մի գիտնականի կամ մեծ դերասանի եմ կերակրում, բա ո՞նց համով չկերակրեմ: Ամեն օր ասում եմ՝ երեխեք պիտի լավ սովորեք, որ մեր բարերարների պես Մեծ մարդիկ դառնաք»:

Խաչարձանում տուն չկա, երեխա չկա, որ արգենտինաբնակ բարեկամների մասին չիմանա: Հենց բարեկամներ էլ ասում են, ոչ թե բարերարներ: Արգենտինահայ համայնքի մի քանի ընտանիքների՝ Կալչիյանների, Թերզյանների, Ավագյանների, ամերիկաբնակ Անաք ընտանքի շնորհիվ գյուղն ունի ոչ միայն հիմնանորոգ դպրոց, նաև նորակառույց մարզահամալիր, բուժկետ ու համայնքային կենտրոն, ջրամատակարարման համակարգ, բարեկարգ պուրակ: «Հավատքի պուրակի» բացման արարողության ժամանակ էլ խաչարձանցիներն ու «Հայաստան» համահայկական հիմնադրամի արգենտինահայ բարերարները «օրինականացրել» էին իրենց բարեկամությունը. գյուղի 130 բնակիչ էր կնքվել այդ օրը:

Խաչարձանն ունի ավելի քան 420 բնակիչ: Մեծ մասը 80-ականների վերջին են տեղափոխվել Ադրբեջանից: Տիկին Սիրանն էլ Կիրովաբադից է: Ասում է՝ քաղաքից հետո դժվարությամբ է համակերպվել գյուղի կյանքին, բայց հիմա Խաչարձանից դուրս կյանքը չի էլ պատկերացնում. - «Սահմանին ենք, ո՞ւր պիտի գնանք, կամ ինչո՞ւ գնանք: Փառք Աստծո, լավ-վատ ամեն պայման էլ ունենք: Հիմա մեր գյուղում ջերմոցներն են շատացել, մարդիկ աշխատում են, ապրում»:

Խաչարձանի ջերմոցներն էլ կառուցվել են արգենտինահայ բարերարների «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ավստրալիայի տեղական մարմնի հովանավորությամբ: Հիմնադրամի սոցիալական աջակցման ու գյուղատնտեսական զարգացման ծրագրով Տավուշում հիմնվել են ավելի քան 110 ջերմոց: