Ջերմոցը կմշակի, թոռանը բարձրագույն կրթության կտա
Հրապարակվել է Հունվար 10, 2018

Թուղթը բացում է, կարդում, չի հավատում, փակում է, նորից բացում. «ջերմոց» է գրված, չի սխալվում: Երկրորդ անգամ է մասնակցում վիճակահանությանը: «Հայաստան» համահայկական հիմնադրամը պատահականության սկզբունքով պարբերաբար ընտրում է Խաչարձանում ջերմոցների շարունակական ծրագրի շահառուներին:

«Անցած անգամ, որ չշահեցի, տխրել էի, բայց չէի հուսահատվել: Գիտեի՝ իմ բախտն էլ կբերի, մուրազ ունեմ էս ջերմոցի հետ կապված», - հաջողած թղթի կտորից աչքը չկտրելով՝ ասում է Ռիմա Առուշանյանը: «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ավստրալիայի հանձնախմբի և արգենտինահայ Կալչիյան, Ավագյան և Թերզյան ընտանիքների ֆինանսավորմամբ՝ մարզում կառուցվել է 110-ից ավելի ջերմոց:

20 տարի է՝ Խաչարձանի բնակիչ է, քաղաքային ասֆալտը փոխարինել է մայր հողի հետ. «Այն կողմում եմ թողել ջահելությունս, բալե´ս»: Տավուշի մարզի սահմանամերձ Խաչարձան համայնքի բնակիչների մեծամասնությունն «այն կողմից» են՝ Ադրբեջանի Ղազախի շրջանից բռնագաղթվածներն են և նրանց ժառանգները: Հիմնադրման օրվանից համայնքը «Հայաստան» համահայկական հիմնադրամի ուշադրության և հոգածության կենտրոնում է: Վերջին տարիներին Հիմնադրամի աջակցությամբ բացի ջերմոցներից, գյուղում կառուցվել են նաև բուժկետ, մարզահամալիր և հանդիսությունների սրահ, վերակառուցվել ու կահավորվել է գյուղի դպրոցը:

«Այ էսպես, տնային խալաթով էլ թողել դուրս ենք եկել տնից, միայն փաստաթղթերը հասցրեցի վերցնել», - Ռիմա տատի հայաստանյան պատմությունը սկսվում է 1989-ի հուլիսի 26-ից: 4 երեխաների հետ հասավ Դիլիջան (ամուսինը 1983-ին էր մահացել): Տուն վարձեց, ձեռնոց արտադրող կոոպերատիվում աշխատանք գտավ, ապրեցին կամ փորձեցին ապրել: «Մի տարի անց Կիրովաբադի մեր տան դիմացի ադրբեջանցի հարևանը գտավ մեզ, զանգեց, թե եկեք սահմանին տան առուվաճառքը կազմակերպենք: Մեծ երկհարկանի, լավ կահավորված սեփական տուն ունեի, վաճառեցի: Այդ գումարով տուն գնեցի Կարմիրում:7 տարի ապրեցինք այնտեղ, բայց կլիմային չէի հարմարվում, ցուրտ էր, միայն կարտոֆիլ ու կաղամբ էր աճում: Քիչ էր: Տունը վաճառեցի, ու տեղափոխվեցինք Խաչարձան: Երեխաներիս մեծացրեցի հող մշակելով: Քաղաքի կյանքին սովոր կին էի, ամուսինս չէր թողնում աշխատեի…», - ձայնի մեջ կարոտախտի երանգ է թրթռում, փորձում է թաքցնել, վերադառնում է իրականություն ու հիշում նվեր ստացած ջերմոցի մասին.

«Սա իմ համար մի մուրազ էր: Ինչ ասես, կցանեմ. գարունը՝ լոբի, վարունգ: Աղջկաս մոտ էի՝ Ռուստաստան, հետս սերմեր եմ բերել: Մեր Խաչարձանում բրոկոլի, վատիսոն, բամիա կաճի: Հարևանները բոլորը հերթ են կանգել, որ փորձեն: Ամռանն էլ կանաչու տեսականի կցանեմ: Ջերմոցի տված փողով Ռիմայիս եմ ուսումի տալու: Թոռս է: Էն ինչ սիրուն երեխա է, չեք պատկերացի, նախշուն: Դպրոցն ավարտում է, տուրիզմ է ուզում սովորել: Ես էլ որոշել եմ, մինչև ջերմոցը կսարքվի, թոշակս տալու եմ, գնա անգլերեն պարապի Դիլիջանում: Որ ընդունվեց չէ՞, աշխարհի ամենաերջանիկ տատիկն եմ լինելու»:

Կրտսեր Ռիմայի հաջողություններով էլ ապրում է, սկզբում երեխաները, հիմա թոռներն են ուժ տալիս, ստիպում՝ հետ չնայել ու չհիշել «այն կողմում» թողած որևէ բան: