ՀԵՌԱԽՈՍԱՄԱՐԱԹՈՆ 2011
Location Նոյեմբեր 20, 2011
Location Ֆրանսիա
Նոյեմբերի 20-ին Ֆրանսիայում ավարտվեց "Հայաստան" համահայկական հիմնադրամի համաեվրոպական 12-րդ հեռախոսամարաթոնի քառօրյան, որի հանդիսավոր փակմանը հայտարարվեց 1 միլիոն 350 հազար եվրոյի խոստում: Այս գումարը նվիրաբերվել է հեռախոսամարաթոնին մասնակից հինգ երկրների` Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Հոլանդիայի եւ Հունաստանի հայ համայնքների միացյալ ջանքերի եւ ակտիվ մասնակցության շնորհիվ: Մասնակից երկրներից Գերմանիան եւ Շվեյցարիան զանգեր էին անում Փարիզից, իսկ Հոլանդիան եւ Հունաստանը գործում էին իրենց երկրներից:

Ֆրանսիայի հինգ քաղաքներից` Փարիզ, Լիոն, Մարսել, Նիցցա եւ Տուլուզ, ձեռնարկին միացած շուրջ 700 կամավորները 12 ժամ անընդմեջ զանգահարում էին ընդհանուր առմամբ ավելի քան 50 000 հայազգի ընտանիքի ու կազմակերպության` առաջարկելով իրենց նվիրատվություններով մասնակցել Հայաստանի ու Արցախի վերականգնմանն ուղղված այս կարեւոր ձեռնարկին:

Հեռախոսամարաթոն 2011-ի հասույթը կուղղվի ամենատարբեր ծրագրերի իրագործմանը: Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը իր հավաքագրած 1 միլիոն 173 հազար եվրո գումարով կշարունակի ջրամատակարարման ծրագրեր իրականացնել Արցախի եւ Հայաստանի մոտ 10 գյուղում` զուգահեռաբար խթանելով գյուղատնտեսության զարգացումը Հայաստանի Տավուշի մարզում: Շվեյցարիայի տեղական մարմինը շվեյցարահայերի կողմից հանգանակած 24.150 եվրոն կուղղի Երեւանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում անցյալ տարի ստանձնած նորոգման ու կահավորման ծրագրերին: Գերմանիայի տեղական մարմինն իր հավաքագրած 81.360 եվրո գումարը կներդնի Գյումրիի մանկատան նորոգման ծրագրերում: Հունաստանի տեղական մարմինը հանգանակեց շուրջ 35.000 եվրո, որը նախատեսվում է ուղղել Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղի ջրամատակարարման համակարգի բարելավմանը: Հոլանդիայի հայության ջանքերով հանգանակվեց ավելի քան 45.000 եվրո:
Իսկ Արգենտինայում տեղի ունեցած եռօրյա հեռախոսամարաթոնին հանգանակվեց 108 060 ԱՄՆ դոլար:

Նախորդ տարվա համաեվրոպական հեռախոսամարաթոնի արդյունքում հանգանակված շուրջ 1.200.000 եվրոն ուղղվել է Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Հարթաշեն, Տող, Ակնաղբյուր, Ուխտաձոր գյուղերում ջրամատակարարման համակարգերի կառուցմանն ու վերակառուցմանը եւ Հայաստանի Շիրակի մարզի Աշոցք գյուղում դպրոցի կառուցմանը:

2000թ.-ին, երբ Ֆրանսիայի տեղական մարմինն առաջին անգամ անցկացրեց հեռախոսամարաթոն մասնակից կամավորների թիվն ընդամենը 70-ն էր, եւ զանգեր կատարվեցին միայն Փարիզում գործող հեռախոսակայանից: Այսօր, Հայաստանին ու Արցախին սատարելու նպատակով, հեռախոսամարաթոնին նաեւ մեծ թվով այլազգի կամավորներ են մասնակցում:
Միջոցառման գլխավոր հովանավորն այս տարի եւս Ֆրանս Տելեկոմ Օրանժն է, որը տարիներ շարունակ միջոցառմանն է ծառայեցնում Ֆրանսիայի հինգ քաղաքներում տեղակայված իր հեռախոսակայանները:

Հիշեցնենք, որ Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը հեռախոսամարաթոն կազմակերպում է սկսած 2000 թվականից: Չորս օր 12 ժամ շարունակ ամենատարբեր տարիքի ու զբաղմունքի հայ եւ այլազգի կամավորներ զանգահարում են մասնակից երկրներում բնակվող հայ ընտանիքներին եւ կոչ անում մասնակցել Հայաստանի եւ Արցախի վերածննդին ուղղված դրամահավաքին:
Առաջին հեռախոսամարաթոնի ընթացքում 2907 խոստման արդյունքում հավաքագրվել էր 216.500 եվրոյին համարժեք ֆրանկ: Համաեվրոպական հեռախոսամարաթոնի պատմության ընթացքում ընդհանուր առմամբ արվել է 411.285 զանգ, եւ 20.800 նվիրատուի կողմից նվիրաբերվել 9.938.000 եվրո: Հավաքագրված գումարը ներդրվել է Հայաստանի եւ Արցախի ենթակառուցվածքների բարեկարգման ոլորտում: