Գյումրիի դոմիկներում ապրող 31-րդ ընտանիքը տուն ստացավ
Հրապարակվել է Հոկտեմբեր 02, 2017
Դոմիկում Պետրոսյանների վեցհոգանոց ընտանիքն ապրում է արդեն 22 տարի։ Ընտանիքի հայրը՝ Սամվել Պետրոսյանը, զբաղվում է մրգի և բանջարեղենի սեզոնային առևտրով։ Ընտանիքի մայրը՝ Մարիամը, չի աշխատում։ Ավագ որդին՝ Նարեկը, նոր է վերադարձել Արցախի Եղնիկներում ծառայությունից։ Դուստրը՝ Լիանան, ամուսնալուծությունից հետո վերադարձել է հայրական տուն՝ մեկամյա դստեր՝ Ֆլորայի հետ։ Ընտանիքի վեցերորդ անդամը դպրոցական Կարենն է։

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Գերմանիայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ ընտանիքին անակնկալ էր պատրաստել՝ սեփական բնակարան Մուշ 2 2 թաղամասում։ Սեպտեմբերի 25-ին Գերմանիայի տեղական մարմնի ներկայացուցիչները՝ Ժիլբեր Մոմջայնի գլխավորությամբ, անձամբ հանձնեցին նոր բնակարանի բանալիները ընտանիքին։

Պետրոսյանների ընտանիքը 31-րդ ընտանիքն է Գյումրիում, որ դոմիկից տուն է տեղափոխվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ։ Հիմնադրամը Գյումրիի տնակներում ապրող ընտանիքներին բնակարաններով է ապահովում 2014-ից։ Ընտանիքների վերաբնակեցումը հնարավոր է դարձել 2014-ին Լոս Անջելեսում կայացած Հեռուստամարաթոնի ընթացքում հավաքագրված ամբողջ գումարի, հետագայում կատարված դրամահավաքների, անհատ բարերարների հանգանակությունների, ինչպես նաև Հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմնի ֆինանասավորման շնորհիվ։