Արգենտինան սկսում է գործակցությունը Հիմնադրամի հետ
Հրապարակվել է Դեկտեմբեր 13, 2017

«Հայաստան» համահայկական հիմնադրամը սկսում է գործակցության առաջին քայլերը Արգենտինայի կառավարության հետ։ Ուղղություններից մեկը գյուղատնտեսությունն է: Այդ ոլորտում արգենտինական հաջողված փորձի կիրառման հնարավորությունը դիտարկելու համար Հայաստանում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան այցելեց Տավուշի մարզի Խաչարձան համայնք։ Դեսպանը ծանոթացավ գյուղատնտեսական զարգացման ծրագրերին, որոնք «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով իրագործել է արգենտինահայ համայնքը։ Տավուշի մարզ այցելության ժամանակ Դեսպան Ուրրոլիաբեիտիան ներկա գտնվեց նաև ջերմոցների շարունակական ծրագրի շրջանակում իրականացվող վիճակահանությանը, որով պարզ դարձան Խաչարձանում ևս երկու ջերմոցների շահառուները։ Ի դեպ, Հիմնադրամը ծրագրի շրջանակում Տավուշի մարզում բացել է արդեն 100-ից ավելի ջերմոց։

Խաչարձանում արգենտինահայ առաջին ներդրողներից էր Կալչյան ընտանիքը։ Նրանց ֆինանսավորմամբ վերակառուցվել է գյուղի դպրոցը, Խաչարձանում կառուցվել է բուժկետ և համայնքային կենտրոն։ Այնուհետև, Կալչյաններին միացել են արգենտինահայ այլ ընտանիքներ: Ավագյանների ընտանիքը Թերզյանների հետ մասնակցել է խմելու ջրի համակարգի կառուցմանը։ Թերզյան ընտանիքն էլ իր հերթին հովանավորել է գյուղում մարզահամալիրի կառուցումը, որը նվիրվել է նրանց դստեր՝ Մարիա Թերզյանի հիշատակին։ Սարգիս և Ծովինար Անակների ընտանիքն էլ հիմնել է Հավատքի պուրակը, որի բացման ընթացքում կնքվել է գյուղի 130 բնակիչ։