Լեռնային Ղարաբաղի Սպիտակաշեն գյուղն արդեն ջուր ունի
Հրապարակվել է Նոյեմբեր 15, 2008
Ջրի պակասը համաշխարհաիյն խնդիր է: Ըստ հաշվարկների` այսօր մեկ միլիարդ մարդ աշխարհում չունի մաքուր խմելու ջուր, իսկ 2.2 միլիոն մեծահասակ ու 9500 երեխա մահանում է ամեն տարի կեղտոտ ու վարակիչ ջրի պատճառով:

Ղարաբաղը նույնպես բախվել է ջրի խնդրին…

Մխիթար Հովսեփյան

40-ամյա Մխիթարը մասնագիտությամբ հաշվապահ է: 1988թ-ից նա աշխատում է Սպիտակաշենի գյուղապետարանում: 1994 – 2001թթ. նա ծառայել է հայկական բանակում: Մխիթարն ամուսնացած է, ունի երեք զավակ: Նրա կինը` Ազնիվը, մինչև վերջերս հեռախոսավար էր աշխատում, սակայն, երբ Վիվասել-MTSը սկսեց իր գործունեությունը Ղարաբաղում` թարմացնելով տեխնիկան, նրա ծառայությունների կարիքն այլևս պետք չեկավ, և նա ազատվեց աշխատանքից: Այսօր, հինգ հոգուց բաղկացած ընտանիքը գոյատևում է Մխիթարի աշխատավարձով, որը 100 դոլարից քիչ ավել է կազմում: Մխիթարի ավագ որդին` Գրիգորը, 14 տարեկան է: Նա ի ծնե հաշմանդամ է և հատուկ դասեր է առնում տանը: Մարտինն առաջին դասարանում է սովորում, իսկ Արփինեն դեռևս հինգ տարեկան է և, երբ նա դպրոցահասակ դառնա, կհաճախի արդեն գյուղի նորակառույց դպրոցը, որը ՙՀայաստան՚ հիմնադրամի նվերը կլինի Սպիտակաշենին:

Տարիներ առաջ գյուղից 12 հոգի աշխատում էր Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայում, որը գտնվում էր Մարտունու շրջանից 5-6 կմ հեռավորության վրա, սակայն այսօր այն այլևս չի գործում, և գյուղացիները զրկվել են վաստակից: Մխիթարը շատ համագյուղացիների պես գումար է վաստակում ցորենի ու գարու իրենց բերքը վաճառելով պետական ու մասնավոր կազմակերպություններին: Ցորենը, գարին ու խաղողն այն հազվադեպ կուլտուրաներից են, որ կարող են աճել առանց կանոնավոր ոռոգման: Ինչ վերաբերում է բանջարեղենին, ինչպիսին օրինակ բիբարը, սոխն ու լոբին են, դրանք աճում են քիչ քանակությամբ, այն էլ աղբյուրներին մոտ:

Գյուղն իր անունը ձեռք է բերել տարածքում ամենուրեք երևացող սպիտակ քարերի պատճառով: Գյուղացիներն այդ քարն օգտագործում են տներ, ցանկապատներ ու այլ շինություններ կառուցելու նպատակով: Սակայն, եթե քարը չերեսպատվի, այն կփշրվի կամ կքայքայվի ցածր ջերմաստիճանի տակ:
Եթե գյուղում հոսող ջուր լիներ, կյանքն այստեղ քիչ թե շատ տանելի կլիներ: Պոմպակայանով մղվող ջուրը թանկ է և ջրամատակարարման հուսալի տարբերակ չէ, քանի որ այն հաճախ շարքից դուրս է գալիս` առանց ջրի թողնելով մարդկանց: Գյուղում առաջ 490 մարդ էր ապրում, սակայն կենցաղային վատ պայմանների ու ջրի խնդրի պատճառով վերջին 15 տարվա ընթացքում մոտ 50 մարդ արդեն լքել է գյուղը:
ՙՀայաստան՚ հիմնադրամի Արգենտինայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ կառուցված Կաղարծին-Սպիտակաշեն 8 կմ երկարությամբ ջրագծի շնորհիվ Սպիտակաշենը շուրջօրյա ինքնահոս ջուր ունի այժմ: Չնայած սեզոնից կախված ջրի քանակը նվազում է, այնուամենայնիվ այստեղ շուրջօրյա ջրամատակարարում կա:
Մեկ տարուց գյուղը նաև 120 աշակերտի համար նախատեսված նոր դպրոց կունենա: Սա հատկապես ուրախալի նորություն է երեխաներ ունեցող ընտանիքների համար: Ջրի խնդրի հետ միասին դպրոց չունենալն արդեն անտանելի է գյուղի բնակչության համար, և դժվար է ասել, թե նման պայմաններում բնակիչները որքան ժամանակ կմնան գյուղում: Մի բան հաստատ է. ջրի բացակայությունը մեծ վնաս է հասցնում գյուղերին և արտագաղթի պատճառ դառնում: Իսկ գյուղերը դատարկվելու դեպքում տասնյակ տարիներ կպահանջվի դրանք վերաբնակեցնելու համար: Ջուրը նոր հույս արթնացրեց մարդկանց մեջ, նույնիսկ նրանց, ովքեր չէին հավատում, որ երբևէ լավ կլինի:

Շիրազ Հայրապետյան,

Շիրազ Հայրապետյանը 53 տարեկան է: Նա մաթեմատիկա է դասավանդել Սպիտակաշենի դպրոցում 1979 – 1987 թթ: Իսկ մինչ այսօր ղեկավարում է այդ կրթական օջախը: Շիրազը երեք դուստր ունի: Ավագ ու միջնեկ դուստրերն ամուսնացել ու տեղափոխվել են շրջակա գյուղեր, իսկ կրտսեր դուստրը սովորում է Արցախի համալսարանում: Շիրազի կինը` Վիլենան, ռուսերեն է դասավարդում դպրոցում: Ընդհանուր առմամբ դպրոցում աշխատում է 20 ուսուցիչ ու ևս 5 հոգի սպասարկող անձնակազմ:
Շիրազն իր համագյուղացիների պես բանջարեղեն է աճեցնում տնամերձ հողամասում, որը 200 մ2 է կազմում: Նա նաև ցորեն ու գարի է աճեցնում գյուղից ոչ հեռու գտնվող դաշտում: Նա անասուններ չի պահում: Շիրազը երբեք գյուղը լքելու մասին չի մտածել, չնայած դրա համար ուներ բոլոր իրավունքները: Նրա համոզմամբ պետք է մնալ ու պահպանել հայրենի հողը:
Շիրազն ասում է, որ ջուր ունենալու դեպքում գյուղը կապրի: Նոր ջրատարը բարելավել է ջրամատակարարումն ու թեթևացրել ֆինանսական խնդիրները: Այժմ գյուղացիները շատ ավելի քիչ են վճարում ջրի համար: Ձմռանը, երբ ձյունը հեղեղի աղբյուրները, հավանաբար ընդհանրապես վճարելու կարիք չի լինի:


Իվետա Բաղդասարյան,

51-ամյա Իվետան տնային տնտեսուհի է: Նրա ամուսինը` Էդիկը, աշխատում է գյուղապետարանում: Նրանց երկու որդիներն ամուսնացել ու տեղափոխվել են Ստեփանակերտ: Նրանց ընտանեկան բիզնեսը մթերային փոքրիկ խանութն էր, որը վեց տարի մի կերպ գոյատևելուց հետո փակվեց: Ստացված եկամուտը չէր փակում ծախսերը: Եվ որպեսզի պարտքերի մեջ չխրվեր, ընտանիքը որոշեց փակել խանութը: Այժմ ընտանիքն ապրում է Էդիկի աշխատավարձով, որը մոտ 100 դոլար է կազմում:

Նրանք չեն զբաղվում ոչ անասնապահությամբ և ոչ էլ գյուղատնտեսությամբ: Իվետան ասում է, որ իրենց տան բարձր դիրքի պատճառով նրանք երբեք ջուր չեն ունեցել, ուստի հնարավոր չի եղել որևէ բան աճեցնել տնամերձ հողատարածքում: Բացի այդ, հողն էլ բերրի չէ: Նրանք ջուր են կրել Ավոյի աղբյուրից, որը գտնվում է նրանց տանից մոտ 2 կմ-ի վրա: Նրանք շատ շնորհակալ են, որ նոր ջրագիծ է անցկացվել, և ծախսն էլ քչացել: Իվետայի ամուսինն այն հազվադեպ երջանիկներից է գյուղում, ով պետական աշխատանք ունի: Գյուղում պետական աշխատատեղերը միայն դպրոցը (25 տեղ), բուժկետը (2 տեղ) և գյուղապետարանն(3 տեղ) են ապահովում: Կյանքը դժվար է գյուղում, և Իվետայի ընտանքիը երբեմն մտածում է որդու մոտ` Ստեփանակերտ տեղափոխվելու մասին: Սակայն նրանք տատանվում են, քանի որ որդին էլ վարձով է ապրում այնտեղ: Ջուրը որոշ չափով թեթևացնում է ամենօրյա պայքարը: