Սիբիրից արեւոտ ծովափ
Հրապարակվել է Նոյեմբեր 15, 2016
Արդեն 40 տարի Արմենուհի Պողոսյանի օրվա ռեժիմն անխախտ է՝ շուտ է արթնանում, ըմպում իր մեկ գավաթ սուրճն ու շտապում դպրոց: Բոլորը գիտեն, որ նա առաջինն է ոտք դնում կրթօջախ, մշակում օրվա պլանը եւ դասարանում դիմավորում իր աշակերտներին: Վաստակաշատ մանկավարժին Աշոցք համայնքում լավ են ճանաչում. դժվար գտնվի մի ընտանիք, որի զավակը կամ ծնողը սերտած չլինի ընկեր Պողոսյանի հանրահաշվի կամ երկրաչափության դասերը: Փոքրերի նկատմամբ՝ ուշադիր, պատանիների հետ՝ նրբանկատ, սա է փորձառու ուսուցչի հաջողության գաղտնիքը: «Այսօր շատ է փոխվել դպրոցականների հոգեբանությունը, նախասիրությունները, բայց մեզ հաջողվում է նրանց ուշադրության կենտրոնում պահել դասավանդվող առարկաները»,- ասում է Արմենուհին ու մատնանշում, որ նոր սերունդը տեղեկատվական տեխնոլոգիաներով է հետաքրքրված եւ ունեն փայլուն աշակերտներ, ովքեր արդեն հաջողությունների են հասել ռոբոտաշինության ոլորտում: Թվարկում է նաեւ իր շրջանավարտներին՝ շատերն այսօր բարձր պաշտոնյաներ են, հայտնի բժիշկներ ու մարզիկներ: Տարիներ անց էլ նրանք միշտ դպրոցի կողքին են, հաճախ են այցելում, բայց արդեն դպրոցի նոր շենք, ուր ամեն ինչ նոր է, հարմարավետ ու տաք: «Հիացմունքով նայում են արդի կրթօջախին ու կսկիծով հիշում հին ու խարխուլ շենքը, որի կիսավեր պատերի ներսում մինուս երեսունի պայմաններում դասեր էինք անցկացնում: Մեզ մոտ կրթությունը վեր է ամեն ինչից»,-ներքին հուզմունքը զսպելով՝ նկատում է հպարտ կինը եւ վերհիշում, թե ինչպես այդ տարիներին դպրոցի միջանցքները վերածել էին դասարանների սաստիկ ցրտից փոքր-ինչ պաշտպանվելու նպատակով:
«Մեր կյանքը փոխեց այս նորակառույցը՝ անցյալում թողնելով երկրաշարժի պատճառած արհավիրքներն ու ծանր հիշողությունները: Արդեն թոշակառու մանկավարժ եմ, բայց կարծես նոր ուժ ու լիցք եմ ստացել, պատրաստ եւս 40 տարի աշխատել»,- ասում է ընկեր Պողոսյանը եւ կատակով ավելացնում,-«Ասես Սիբիրից Միջերկրական ծովափ տեղափոխված լինենք՝ ջերմ, հաճելի, անգամ տուն գնալու մասին եմ մոռանում»:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հոգածությամբ եւ ֆրանսահայ բարերարներ Առաքել եւ Լիդա Գազարյանների, Տիրուհի Գազարյան-Մանուկյանի հովանավորությամբ 2014թ.-ին Շիրակի մարզի Աշոցք համայնքում շահագործման է հանձնվել 4 մասնաշենքից կազմված /ընդհանուրը՝ 2700քմ մակերեսով/ նորակառույց դպրոցը՝ արդի պայմաններով եւ հիմնովին կահավորված: Կրթօջախում այսօր ուսանում է 283 աշակերտ:
Սա Հիմնադրամի կառուցած ամենախոշոր ուսումնական հաստատություններից մեկն է Հայաստանում:
Աշոցքը Հայաստանի հյուսիս-արեւմտյան ցրտաշունչ ու բարձրադիր /2006-39մ/ բնակավայրն է, ուր կարճատեւ զով ամռանը հաջորդում է խիստ ձմեռը:

«Եթե սահմանին խաղաղություն լինի ու ոչ մի մայր չարտասվի, մնացած ամեն ինչ այսօրինակ լավ կլինի»,- եզրափակում է ընկեր Պողոսյանը եւ շտապում իր դասարան:


15 նոյեմբերի, 2016թ.