"Հայաստան" համահայկական հիմնադրամը ազդարարում է Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղում երկու ծրագրերի մեկնարկը
Հրապարակվել է Նոյեմբեր 04, 2008
"Հայաստան" համահայկական հիմնադրամն ուրախ է տեղեկացնել Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղում երկու նախաձեռնությունների զուգահեռ մեկնարկի մասին: Հիմնադրամի Արեւելյան ափի տեղական մարմնի միջոցով ամերիկահայ մեր հայրենակիցների կատարած հանգանակությունները հնարավոր են դարձրել գյուղի գազաֆիկացման, ինչպես նաեւ նոր ոռոգման համակարգի ստեղծման ծրագրերը:

Այս ծրագրերի զուգահեռ մեկնարկը համահունչ է Հիմնադրամի որդեգրած համապարփակ զարգացման մարտավարությանը, ըստ որի Հիմնադրամը փորձում է արդյունավետ լուծումներ առաջարկել շահառու սահմանամերձ համայնքների առջեւ ծառացած բոլոր մարտահրավերներին: Այս դեպքում` գյուղի գազաֆիկացման ծրագիրը կլուծի մարդկանց տները ջերմությամբ ապահովելու հարցը, մինչդեռ ոռոգման ցանցի վերագործարկումը զգալիորեն կընդլայնի մշակվող հողերի ծավալը: Այս նախաձեռնության իրականացումը լրացուցիչ խթան կհանդիսանա համայնքում գյուղատնտեսության զարգացման համար:

ՙԵրբ մենք իմացանք, որ Հիմնադրամը ստանձնել է մեր գյուղի գազաֆիկացման եւ ոռոգման ցանցի վերականգնման ծրագրերը շատ ակնաղբյուրցիներ առաջարկեցին իրենց օգնությունը՚, ասում է Ակնաղբյուր համայնքի գյուղապետ Կարեն Դոլմազյանը: ՙԱյսօր արդեն ողջ համայնքն է մասնակցում այս գործընթացին: Մարդկանց ոգեւորում է այն փաստը, որ իրենք իրենց ներդրումն են ունենում իրենց հայրենի գյուղը շենացնելու գործում՚:


ՙՍահմանամերձ գյուղերում կյանքի կոչվող նախաձեռնությունների կարեւորությունը կայանում է ոչ միայն նրանում, որ այդ ծրագրերը լուծումներ են առաջարկում շահառու համայնքների առջեւ կանգնած լրջագույն խնդիրներին, բայց նաեւ հուսադրում են այնտեղ ապրող մարդկանց եւ վերադարձնում նրանց հավատքը դեպի ավելի բարեկեցիկ ապագան, որին հնարավոր է հասնել առանց իրենց հայրենի գյուղը լքելու՚, ասում է "Հայաստան" համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանը: