"Հայաստան" համահայկական հիմնադրամն ավարտել է Շուշիի գրադարանի վերանորոգումը
Հրապարակվել է Փետրվար 22, 2011
2011թ.-ը Շուշիի գրադարանը մեկնարկեց բարենորոգ ու կահավորված: Շուրջ 83 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ ծրագիրն իրականացվել է "Հայաստան" համահայկական հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան շրջանի տեղական մարմնի հովանավորությամբ:

Շուշիի գրադարանն այսուհետ կգործի ոչ միայն որպես գրքի ու ընթերցանության կենտրոն, այլեւ կրթoջախ` տարբեր կրթական ու մշակութային միջոցառումների համար: Այն կսպասարկի Շուշիի, Ստեփանակերտի եւ հարակից գյուղերի բնակիչներին` առավել հետաքրքրական ու բովանդակալից դարձնելով նրանց առօրյան:

Գրադարանը երկհարկանի եւ մեկ հարկանի մասնաշենքերից կազմված կառույց է` 624քառ.մ ընդհանուր մակերեսով: Կառույցը մասնակիորեն ուժեղացվել է, ամբողջությամբ վերահատակագծվել եւ վերակառուցվել: Փոխվել է տանիքը, սալիկապատվել են հատակները, աշխատասենյակները ծածկվել են մանրատախտակով: Նորացվել է շենքի էլեկտրական համակարգը, անցկացվել է ընդհանուր ջեռուցում: Մեկ հարկանի թեւում գրադարանի վարչական մասն է` կազմված չորս աշխատանքային սենյակներից, նախասրահից եւ սանհանգույցից: Երկհարկանի թեւում ընթերացասրահն է, գրապահոցն ու գրքերի պահեստը: Շենքն ունի նաեւ նկուղային հարկ, որը եւս օգտագործվում է գրադարանի կարիքների համար:

Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Խաչատրյանի խոսքով` իրենք տարիներ շարունակ երազել են Շուշին տեսնել վերակառուցված ու հայեցի: Այսօր այդ երազանքն իրականություն է դառնում, դրա վկայությունն են Շուշիում վերանորոգված ճանապարհահատվածները, տասից ավելի բարձրահարկ շենքերի վերակառուցված տանիքները, բարեկարգման ընթացիկ աշխատանքները մշակույթի տանը, Աբովյանի անվան դպրոցում, ինչպես նաեւ խմելու ջրի ներքին ցանցի անցկացմանն ուղղված աշխատանքները:

Պարոն Խաչատրյանի խոսքով` խորհրդային շրջանում կապը գրադարանի հետ շատ ամուր էր: Այն օրական առնվազն 50-60 այցելու ուներ: Այստեղ հաճախակի կազմակերպվում էին հանդիպումներ, գրական քննարկումներ մտավորականության անվանի ներկայացուցիչների հետ: 1992թ-ին, երբ Շուշիի բնակիչները վերադարձան իրենց ծննդավայր, քաղաքն այնպես էր ավերվել, որ խոսք լինել անգամ չէր կարող գրադարանի գործունեության նախկին բնականոն ընթացքի մասին:

Գրադարանի ֆոնդը` ավելի քան 16 500 կտոր գիրք, որ ժամանակավորապես պահ էր տրվել Մուրացանի անվան դպրոցում, օրերս կտեղափոխվի գրադարան: Եղած գրքերը կհամալրվեն նորերով: Տնօրինությունն այդ ուղղությամբ որոշ քայլեր արդեն ձեռնարկել է. շուտով մոսկվաբնակ հայ ազգագրագրետ Կարեն Յուզբաշյանի 265 կտոր գրքից բաղկացած գիտական ազգագրական հավաքածուն եւս կհանգրվանի Շուշիի գրադարանում: Գրադարանն ունի 7 աշխատակից: Վերանորոգումից հետո հնարավոր է աշխատակազմի համալրում: Այստեղ վաղուց արդեն հմուտ մատենագետի կարիք է զգացվում: Իսկ գրադարանի թվայնացումը տնօրինության առաջնահերթ ծրագրերի շարքում է: Գրադարանի տնօրեն Ժասմենա Գաբրիելյանի խոսքով` նոր տեխնոլոգիական լուծումները կնդլայնեն գրադարանի հնարավորությունները, ինչպես ֆոնդի պահպանման, այնպես էլ ուսումնասիրության եւ հասանելիության ապահովման հարցերում:

"Մենք մեկը մյուսի ետեւից իրականություն ենք դարձնում 2009թ-ին ստանձնած մեր ծրագրերը: Եվ յուրաքանչյուր ծրագրի ավարտին հպարտանում ենք, որ հույս եւ ուրախություն ենք բերում Շուշի` բարեկարգելով եւ գեղեցկացնելով մեր նախնիների այս հիասքանչ քաղաք-ամրոցը",- ասում է "Հայաստան" համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: