Հանրապետության Նախագահի 2010 երիտասարդական մրցանակների համար մրցապայքարն ավարտվեց
Հրապարակվել է Մարտ 31, 2011
Ս/թ մարտի 10-31-ը "Հայաստան" համահայկական հիմնադրամը անցկացրեց մրցույթների ու միջոցառումների շարք` տաղանդաշատ ու շնորհալի երիտասարդներին Հանրապետության Նախագահի 2010 երիտասարդական մրցանակ շնորհելու նպատակով: Հանրապետության Նախագահի մրցանակը հովանովորում է "Պողոսյան" հիմնադրամը:

"Երգեցողություն", "Գործիքային կատարում", "Գրականություն", "Կերպարվեստ եւ կինո" անվանակարգերում մրցանակի համար դիմած 116 երիտասարդ ստեղծագործողներից 42-ը անցել են եզրափակիչ փուլ եւ հավակնում են Նախագահի երիտասարդական մրցանակին: Նրանցից ժյուրին կընտրի լավագույններին եւ կներկայացնի Հայաստանի Հանրապետության նախագահի հաստատմանը: Յուրաքանչյուր տարի հաղթողների անունները հայտարարվում են Հանրապետության Նախագահի մրցանակների շնորհման հանդիսության օրը, որն այս տարի տեղի կունենա մայիսի 30-ին: Որպես մրցանակ շնորհվում է մեդալ, վկայագիր եւ դրամական պարգեւ` 2500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով: Հանրապետության Նախագահը շնորհավորում է հաղթողներին եւ անձամբ հանձնում մրցանակները:

"Հայաստան" համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի խորհրդական, ՀՀ Նախագահի մրցանակի համակարգող Աիդա Խաչիկյանը հայտնեց, որ տարեցտարի մեծանում է հետաքրքրությունը Նախագահի մրցանակի հանդեպ, որի խոսուն ապացույցը դիմողների թվի աճն է: "Մեծ պատիվ է բազմաթիվ հավակնորդների շարքում ճանաչվել լավագույնը եւ անձամբ երկրի նախագահից ստանալ մրցանակ, որը, անկասկած, երիտասարդներին պարտավորեցնում է, քաջալերում եւ խթանում նրանց ստեղծագործական աշխատանքը",- ասաց խորհրդականը:

Իր "Ես եմ իրականությունը" գեղանկարների հավաքածուով եզրափակիչ փուլ անցած Վոլոդյա Հակոբյանը մեզ հետ զրույցում խոստովանեց, որ մրցույթի բոլոր փուլերն էլ դժվար էին, բայց եւ օգտակար ու ուսուցողական: "Արդեն երրորդ անգամ եմ մասնակցում մրցույթին եւ պայքարում եմ միմիայն հաղթանակի համար",- հավելեց երիտասարդ գեղանկարիչը:

Հայաստանի նկարիչների միության նախագահ, "Կերպարվեստ եւ կինո" անվանակարգում ժյուրիի անդամ Կարեն Աղամյանի գնահատմամբ` եզրափակիչ փուլ անցած մասնակիցներն արդեն իսկ հաղթող են, քանի որ նրանք բոլորն էլ արժանի են մրցանակի: "Լավագույնների միջեւ լավագույնին ընտրելը, համաձայնեք, դժվար է ժյուրի համար",-ասաց նա:

Հաղթողների անունները կհայտարարվեն մրցանակաբաշխության օրը: